
Արմինֆո. 2025 թվականին հետազոտությունների և մշակումների (R&D) ոլորտի զարգացման համար պետբյուջեից հատկացվել է 40.2 մլրդ դրամ, ինչը մոտ 2.8 անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումում։
«Կենսաբազմազանության, կլիմայի, բնական ռեսուրսների, պարենային անվտանգության և առողջության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց լուծումը պահանջում է գիտության, քաղաքականության և հասարակության համատեղ աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով, որ այս մոտեցումն ընկած է նաև Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների հիմքում։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, նախարարը տեղեկացրել է՝ 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նոր հիմքեր է ստեղծում կրթության և հետազոտությունների ինտեգրման համար։ Գիտության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների թվում են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հետազոտությունները, տիեզերական տեխնոլոգիաները, այդ թվում՝ Երկրի զննությունը, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս առաջնահերթություններն ամրապնդվում են պետական ներդրումներով։
«2025 թվականին հետազոտություններին և մշակումներին հատկացվել է 40,2 միլիարդ դրամ՝ շուրջ 2,8 անգամ ավելի, քան 2018 թվականին։ Մինչև 300 տոկոսով աճել է ատեստավորված գիտաշխատողների վարձատրությունը, գիտական ենթակառուցվածքների արդիականացման համար հինգ տարվա ընթացքում հատկացվել է շուրջ 20 միլիարդ դրամ, տարեկան իրականացվել են շուրջ 20 դրամաշնորհային ծրագրեր։ Հայաստան է տեղափոխվել արտերկրի առաջատար գիտական կենտրոնների ավելի քան 40 գիտնական, ևս 60-ը հեռավար ղեկավարում են նոր գիտական ստորաբաժանումներ ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում։ Երևանի պետական համալսարանում գործարկված գերհամակարգչային կենտրոնի հաշվողական հզորությունները կարող են ծառայել նաև բնապահպանական տվյալների վերլուծությանն ու կլիմայական գործընթացների մոդելավորմանը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բնապահպանական հետազոտություններն ընդգրկված են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային մրցույթներում, այդ թվում՝ ԵՄ «Եվրոպական կանաչ գործարքի» առաջնահերթություններին համապատասխանող հետազոտությունների աջակցության և Հայաստան-Գերմանիա համատեղ գիտական ծրագրերում։
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կայուն զարգացման սկզբունքների ներառումը կրթական ծրագրերում։ Նա նշել է, որ «Էրազմուս+»-ի T-GREEN նախագծով մշակվել են կանաչ տնտեսության և տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրեր, իսկ NASA-ի աջակցությամբ իրականացվող GLOBE միջազգային ծրագրի հետ նախատեսվող համագործակցությունը հնարավորություն կտա աշակերտներին դեռ դպրոցական տարիքից մասնակցելու բնության գիտական դիտարկումներին։
«Կայուն զարգացման սկզբունքներն արտացոլված են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրում՝ ջրային ռեսուրսների խնայողությունից մինչև կենսաբազմազանության պահպանություն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության և գիտության առանցքային դերը՝ կարևորելով բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը և գիտական արդյունքների հիման վրա որոշումների կայացումը։
«Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ կրթության և գիտահետազոտական այնպիսի համակարգ, որը կծառայի կենսաբազմազանության և բնության պահպանության օրակարգի իրականացմանը։ Անհրաժեշտ է, որ գիտական հետազոտությունների արդյունքները հիմք ծառայեն մեր կողմից ընդունվող որոշումների համար։ Մյուս կարևոր ուղղությունը հասարակության շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորումն է, որպեսզի մեր քաղաքացիներն առավել պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն բնության և հասարակության նկատմամբ»,- նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համաժողովը հնարավորություն կընձեռի մասնագիտական քննարկումների և գործնական առաջարկությունների մշակման համար՝ վերահաստատելով դրանք Հայաստանի կրթության և գիտահետազոտական ոլորտներում կիրառելու պատրաստակամությունը։
Բացման խոսքով հանդես են եկել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Կենսաբանական գիտությունների միջազգային միության, Տոկիոյի համալսարանի, Հումբոլդտի ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի ներկայացուցիչներ։