
Արմինֆո. Հայկական գյուղատնտեսական արտադրանքը և հանքային ջուրը կարող են հայտնվել Օմանի շուկայում։ Այդ հարցը քննարկումների առարկա է դարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ Օմանի Սուլթանության SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչ, խմբի մաս կազմող «Հանքային ջրերի ազգային ընկերություն» գլխավոր տնօրեն Սամիր Ալ-Բալուշիի հանդիպման ընթացքում։
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև Օմանը՝ որպես լոգիստիկ հանգույց օգտագործելու հնարավորությունները։
Արման Խոջոյանը նշել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է, և Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու հուսալի գործընկեր նաև Օմանի համար։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպման ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
Հայաստան այցի շրջանակներում SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչները նախատեսում են նաև հանդիպումներ ունենալ հանքային ջրեր, հյութեր, պահածոներ արտադրող մի շարք տեղական ընկերությունների ներկայացուցիչների հետ: