Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 21:21

«Известия»-ն ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարին կասկածել է սաբոտաժի մեջ

«Известия»-ն ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարին կասկածել է սաբոտաժի մեջ

ԱրմԻնֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) սերտիֆիկացման ոլորտի համար պատասխանատու և ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարոս Սիմոնյանը կարող էր ազդել Ինտեգրված տեղեկատվական համակարգի (ԻՏՀ) ներդրման ժամկետների փաստացի խափանման վրա՝ ԵԱՏՄ-ի շրջանակում ծառայությունների միասնական թվային սպասարկման համակարգի։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ «Գորշ համակարգող․ ինչպես Հայաստանից ԵՏՀ նախարարը կարող էր կարգավորել կեղծված մատակարարումների սերտիֆիկացումը Ռուսաստան» խորագրով ծավալուն հոդվածում։

Հոդվածում ասվում է, որ որակի վերահսկողություն չանցած ապրանքները ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ հայտնվում են ռուսական խանութներում և մարքեթփլեյսներում, պարզել են «Известия»-ի լրագրողները։ Հրատարակության աղբյուրների վարկածով՝ նրանք գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից ելնելով, որոնք առանց որևէ թեստերի և հետազոտությունների ձևակերպում են փաստաթղթեր, որոնք իբր հաստատում են արտադրանքի որակը։ Հայաստանի և Ղրղզստանի կազմակերպությունների կողմից նման 15 հազար սերտիֆիկատների տրամադրման փաստերով արդեն քրեական գործեր են հարուցվել։ «Известия»-ի տեղեկություններով՝ նման կառույցների շահերի լոբբինգի հետևում կարող է կանգնած լինել ԵՏՀ ներքին շուկաների նախարար Վարոս Սիմոնյանը։ Նրան արդեն հրապարակայնորեն մեղադրել են ԵԱՏՄ-ի Ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք ներդրման փաստացի սաբոտաժի մեջ, որը նպատակաուղղված է կեղծարարության դեմ պայքարին։

Հղում անելով ԵԱԿ-ին մոտ կանգնած անանուն աղբյուրին՝ «ըստ ամենայնի, մոխրագույն սերտիֆիկատների տրամադրումը Հայաստանում համակարգված բնույթ է ստացել դեռ այն ժամանակ, երբ Վարոս Սիմոնյանն աշխատում էր հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում (2019–2021 թվականներին զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը։ — «Известия»)։ Այնտեղ նա, նախքան ԵՏՀ տեղափոխվելը, համակարգում էր Հայաստանի ազգային հավատարմագրման մարմնի (ARMNAB) գործունեությունը, — «Известия»-ին պատմել է աղբյուրը։ ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի վաճառքը Հայաստանում ռուսաստանցի պատվիրատուներին փաստացի վերածվել է լավ կարգավորված բիզնեսի։ Հավատարմագրված հայկական սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթուղթը գործում է միության ամբողջ տարածքում, և, հետևաբար, թույլ է տալիս օրինական կերպով ապրանք ներմուծել և վաճառել Ռուսաստանում։ Ընդ որում, ռուսաստանցի պատվիրատուների համար հայկական սերտիֆիկատները, որպես կանոն, ավելի էժան են, քան ռուսականները։ Տարբեր հարթակներ Հայաստանում արտադրանքի սերտիֆիկացման ծառայություններ են առաջարկում 2 հազար ռուբլուց՝ «բանալին ձեռքին» սկզբունքով։ Ընդ որում, համապատասխան փորձարկումները հաճախ կարող են ընդհանրապես չանցկացվել։

Եթե հայկական կարգավորող մարմինը կասեցնում կամ դադարեցնում է որևէ մարմնի հավատարմագրման վկայականի գործողությունը, նրա տեղում գրեթե անմիջապես հայտնվում է մեկ ուրիշը՝ նոր անվանումով և նոր իրավաբանական անձով, սակայն նույն ղեկավարներով․ «Известия»-ին հաջողվել է հետևել նման մի քանի շղթաների։ Մեկ անձի (ինչ-որ Կարեն Թումագյան՝ Խմբ.) անունով կարող է ձևակերպված լինել մի քանի սերտիֆիկացման մարմին։ Նման պահեստային հարթակները թույլ են տալիս չընդհատել աշխատանքը, անգամ եթե մարմիններից մեկի հավատարմագրումը չեղարկվի։

Այդուհանդերձ, Սիմոնյանին այս մեղադրանքները ներկայացվել են նաև հրապարակայնորեն։ 2022 թվականին Պետդումայի պատգամավոր, տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերի հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը սոցիալական ցանցերում գրել էր․ «Հանկարծ <…> Վարոս Սիմոնյանը ինչ-ինչ պատճառներով փոխել է ԵՏՀ ենթակա ՏՏ դեպարտամենտի աշխատանքի սխեման, մասնավորապես՝ կապալառուների հետ գնումների և մրցույթների մեխանիզմը։ Այս որոշումները լուրջ անհանգստություն են առաջացնում ԵՏՀ բազմաթիվ աշխատակիցների և իրավաբանների շրջանում, քանի որ կարող են հանգեցնել նոր չարդարացված ծախսերի, ինչպես նաև անորոշ ժամկետով հետաձգում են ԵԱՏՄ ԻՏՀ-ի ամբողջական գործարկումը»։

Ըստ էության, ԻՏՀ-ի ներդրման ձգձգումը սերտիֆիկացման շուկայի անբարեխիղճ մասնակիցների օգտին գործող գործոններից մեկն է։

 

«Բացի այդ, լինելով ԵՏՀ նախարար՝ Սիմոնյանը դեմ է հանդես գալիս այն բանին, որ խարդախությունների մեջ բացահայտված լաբորատորիաները զրկվեն հավատարմագրումից՝ չնայած տրամադրված կեղծ սերտիֆիկատների հազարավոր դեպքերին։ Այս ամենը կարող է հիմք դառնալ ԵՏՀ նախարարի նկատմամբ լուրջ, այդ թվում՝ քրեական հետաքննության և նրան անձեռնմխելիությունից զրկելու համար», - կարծում է ԵՏՀ գործունեությանը մոտ կանգնած «Известия»-ի աղբյուրը։

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի» համաձայն՝ ԵԱՏՄ պաշտոնյան կարող է զրկվել անձեռնմխելիությունից, եթե առկա են հայցեր, որոնք վերաբերում են նրա մասնագիտական գործունեությանը, որը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Այս դեպքում դրանք կարող են լինել այն լաբորատորիաների նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնց շահերը Վարոս Սիմոնյանը կարող է առաջ մղել, նշել է «Известия»-ի զրուցակիցը։

«Եթե ապացուցվի, որ որոշումները գիտակցաբար ընդունվել են կոնկրետ առևտրային կառույցների շահերից ելնելով, օրինակ՝ ստեղծվել են միջնորդներ, արգելափակվել են վերահսկողական մեխանիզմները կամ դրա դիմաց վարձատրություն է ստացվել, ապա կարելի է խոսել լիարժեք քրեաիրավական ստուգման մասին», — այս իրավիճակը «Известия»-ին մեկնաբանել է AVG Legal-ի փաստաբան, կառավարող գործընկեր Ալեքսեյ Գավրիշևը։

Նրա խոսքով՝ որպես ԵՏՀ նախարար, Սիմոնյանն իսկապես օժտված է քրեական հետապնդումից անձեռնմխելիությամբ։ Սակայն այն կարող է վերացվել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ, եթե առկա լինեն որևէ հանցագործության մեջ պաշտոնյայի ներգրավվածության իրական ապացույցներ։

Միևնույն ժամանակ, «Известия»-ի աղբյուրները Սիմոնյանի վարքագծում աշխարհաքաղաքական ենթատեքստ են նկատել։ Ինչպես ասվում է հոդվածում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանը միաժամանակ ԵՄ-ի հետ ստեղծում է սերտիֆիկացման ընդհանուր համակարգ՝ միաժամանակ սաբոտաժի ենթարկելով դրա ներդրումը ԵԱՏՄ-ում։ Վարոս Սիմոնյանը լիովին կարող է լինել այս քաղաքականության իրականացնողը։ 2005-ից մինչև 2011 թվականը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տարբեր պաշտոններում նա պատասխանատու էր հենց ԵՄ-ի հետ համագործակցության համար։ Իսկ 2011-ից մինչև 2019 թվականն աշխատել է նախ որպես հանրապետության առևտրային ներկայացուցիչ, ապա՝ ԵՄ-ում առևտրային կցորդ։ Արևմուտքում նա ստացել է նաև երկրորդ բարձրագույն կրթությունը՝ Բրիտանական Բրեդֆորդի համալսարանում, որը մասնագիտանում է համաշխարհային հակամարտությունների ոլորտում։

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի հետ աշխատանքի առաջնահերթությունը տեղավորվում է երկրի ներկայիս իշխանությունների ընդհանուր քաղաքականության շրջանակում, - եզրափակում է «Известия»-ն։