Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 19:45
Ալինե Գրիգորյան

Պապոյան․ Նոյեմբերից Հայաստանը կսկսի գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ դեպի ԱՄԷ

Պապոյան․ Նոյեմբերից Հայաստանը կսկսի գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ դեպի ԱՄԷ

Արմինֆո.Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները դեպի Արաբական Միացյալ Էմիւություններ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

«Ընդունեցի «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

«Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։

 

Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։

 

«Արտահանման դիվերսիֆիկացումը մեր երկրի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է, և այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր շուկա են։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության առաջնահերթություններին և նոր հնարավորություններ կստեղծի հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման համար», - նշեցի իմ խոսքում։

Կարևորելով թարմ գյուղմթերքի արտահանման գործընթացում մատակարարման արագությունը՝ ողջունել եմ գործարար միջավայրի՝ այս ուղղությամբ Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ավելի մեծ ծավալներով ներկայացվածության ընդլայնմանը։

 

Նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթների կազմակերպման հնարավորությունները», - գրել է Գեւորգ Պապոյանը։

 

Նշենք, որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2026 թվականի հունվար-հունիսին կրճատվել է տարեկան 11,9% - ով՝ մինչեւ 310,1 մլրդ դրամ։ Որպես համեմատություն՝ նշենք, որ մեկ տարի առաջ ՝ 2025 թվականի հունվար-հունիսին, արձանագրվել էր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի տարեկան 7,3% աճ ՝ մինչև 316,1 մլրդ դրամ։

 

Հավելենք, որ ապրիլից Ռուսաստանը հայկական գյուղմթերքի ներկրման փուլային սահմանափակումներ է կիրառում։ Պաշտոնական պատճառ են համարվել սանիտարական և բուսասանիտարական խախտումները և ՀՀ լիազոր գերատեսչությունների կողմից անվտանգության վերահսկողության բացակայությունը: Սահմանափակումների իրական պատճառը, սակայն, Հայաստանի ղեկավարության բացահայտ հակառուսական քայլերն են ՝ Եվրամիության հետ Երևանի  մերձեցման կուրսի ֆոնին։ Այդ "պատժամիջոցներն" արդեն հանգեցրել են ապրանքաշրջանառության կրճատման. 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 21,5% - ով։ Դժվարություններ են սկսվել ագրոարտահանման ոլորտում. ամառային պիկ սեզոնին մատակարարումների արգելափակման պատճառով հայկական մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանումը 74,5%  կտրուկ անկում է գրանցել: Փորձագետների կարծիքով՝ բիզնեսի ֆինանսական վնասները հաշվվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով՝ ստեղծելով հարյուրավոր ջերմոցային և ֆերմերային տնտեսությունների զանգվածային սնանկացման սպառնալիք: