
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում դիտվել է դոլարով և ռուբլով գործարքների կրճատում, ինչի հետ մեկտեղ մեկ ամիս դադարից հետո վերսկսվել են եվրոյով գործարքները:
Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը շրջադարձ է կատարել 79% աճից դեպի 98% անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքներում, որոնց միտումը ծավալվել է 18,3% աճից դեպի 25,2% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը սկսել է գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ՝ 36 անգամ խզումով, ինչպես նաև եվրոյով գործարքների նկատմամբ՝ 16 անգամ խզումով, և հատկանշական է, որ դոլարային գործարքների նկատմամբ գերակշռել են նաեւ եվրոյով գործարքները՝ 2,2 անգամ խզումով։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (05-09.10.26՝ 28.09 - 02.10.26-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքուվաճառքի միտումը ծավալվել է աճից դեպի անկում, իսկ ռուբլով գործարքներում առքի աճի դանդաղումն ուղեկցվել Է վաճառքի աճի արագացմամբ։
Արդյունքում՝ ս.թ. հոկտեմբերի 5-9-ը դրամը տրամադրվել է արժևորման ինչպես դոլարի նկատմամբ՝ 362,3-ից մինչև 360,3 դրամ/1դոլար, այնպես էլ ռուբլու նկատմամբ՝ 4,13-ից մինչև 4,05 դրամ/1ռուբլի, միաժամանակ, շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ՝ 408-ից մինչև 406 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հոկտեմբերի 9-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 446 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,66 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 6%-ով, 9%-ով և 13%-ով։