Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 10:42
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ պատգամավոր․ մենք առաջ ենք տանում ատոմային էներգետիկայի արդիականացման ծրագրերը՝ որպես դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի կարևորագույն բաղադրիչ

ԱԺ պատգամավոր․ մենք առաջ ենք տանում ատոմային էներգետիկայի արդիականացման ծրագրերը՝ որպես դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի կարևորագույն բաղադրիչ

ԱրմԻնֆո.  Հայաստանի համար էներգետիկայի դիվերսիֆիկացումը ռազմավարական առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է անվտանգության, ինքնիշխանության և երկարաժամկետ անկախության հետ։ Այս մասին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որն անցկացվում է  Անդորրա-լա-Վելյա քաղաքում, հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նրա խոսքով՝ էներգետիկ անվտանգությունը դադարել է զուտ տնտեսական զարգացման կամ ռեսուրսների հասանելիության հարց լինելուց։ Այն դարձել է ազգային անվտանգության, քաղաքական անկախության և պետական ինքնիշխանության հիմնարար բաղադրիչ։ "Վերջին տարիների մարտահրավերները ցույց տվեցին, որ էներգիայի սահմանափակ թվով մատակարարներից, աղբյուրներից կամ տարանցիկ երթուղիներից չափազանց մեծ կախվածությունը կարող է ռազմավարական խոցելիություններ ստեղծել և խաթարել պետությունների՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը։ Այս համատեքստում քչերից կախվածությունը շատերի հետ համագործակցությամբ փոխարինելը դառնում է էներգետիկ անվտանգության կարևորագույն սկզբունք։ Էներգետիկ ինքնիշխանության ամրապնդումը չի նշանակում մեկուսացման կամ լիակատար ինքնաբավության ձգտում։ Ընդհակառակը, այն սերտորեն կապված է դիվերսիֆիկացման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման հետ։ Ոչ պակաս կարևոր է էներգիայի արտադրության նկատմամբ պրագմատիկ և տեխնոլոգիապես բաց մոտեցումը՝ տարբեր աղբյուրների ու տեխնոլոգիաների կիրառմամբ, միաժամանակ ենթակառուցվածքների արդյունավետության, կայունության և հուսալիության բարձրացմամբ", - հայտարարել է պատգամավորը։

Նա հավելել է, որ Հայաստանի համար էներգետիկայի դիվերսիֆիկացումը ռազմավարական առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է անվտանգության, ինքնիշխանության և երկարաժամկետ անկախության հետ։ "Մենք իրականացնում ենք մեր էներգետիկ ոլորտի համապարփակ վերափոխում։ Էներգետիկայի ոլորտում արտադրական հզորությունները զգալիորեն ընդլայնվել են։ 2018 թվականին Հայաստանի արևային էներգետիկայի հզորությունը կազմում էր ընդամենը 16 մեգավատ։ Այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 1200 մեգավատը, իսկ 2025 թվականին արևային էներգիան արդեն կազմում էր երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության ավելի քան 16%-ը։ Ներկայումս մենք քայլեր ենք ձեռնարկում մարտկոցների հիման վրա էլեկտրաէներգիայի պահպանման համակարգերի ներդրման ուղղությամբ՝ ավելի մեծ ճկունություն և հուսալիություն ապահովելու համար։ Դրան զուգահեռ մենք ուսումնասիրում ենք "կանաչ" ջրածնի ներուժը և առաջ ենք մղում ատոմային էներգետիկայի արդիականացման մեր ծրագրերը՝ որպես դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի կարևորագույն բաղադրիչ։  Բացի այդ, մեր տարածաշրջանում քաղաքական իրավիճակի և անվտանգության ոլորտում իրավիճակի փոփոխության արդյունքում բացվում են նոր և ավելի նշանակալի հնարավորություններ", - ասել է Սարգիս Խանդանյանը։

Նա հավելել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը նոր հիմք է ստեղծել տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ TRIPP նախագիծը այս նոր իրողության կարևոր մասն է։ Տրանսպորտային փոխկապակցվածությունից բացի, նախագիծը նախատեսում է էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի զարգացման հնարավորություններ։

"Միևնույն ժամանակ, Հայաստանը հարևանների հետ աշխատում է անդրսահմանային էլեկտրաէներգետիկ միացումների ընդլայնման ուղղությամբ՝ ստեղծելով ավելի կայուն էներգետիկ համակարգի, ավելի խոր տարածաշրջանային ինտեգրման և էներգակիրների փոխշահավետ առևտրի ապահովման հնարավորություններ։  Մեր փորձը ցույց է տալիս, որ էներգետիկ ինքնիշխանությունն ու տարածաշրջանային փոխկախվածությունը միմյանց բացառող նպատակներ չեն։ Խաղաղությունը հնարավորություններ է ստեղծում էներգետիկ համագործակցության համար, իսկ էներգետիկ համագործակցությունն իր հերթին կարող է խաղաղությունն ավելի կայուն դարձնել", - եզրափակել է Սարգիս Խանդանյանը։