
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունն ունի Ռուսաստանի Դաշնության հետ հայկական երկաթուղիների վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ իրավական գործիքակազմն ու հիմքերը, սակայն նման միջոցի չի դիմի։ Այս մասին Infocom-ի հետ իր հարցազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մտադիր չենք խոսել վերջնագրերի լեզվով։ Այդ լեզուն անընդունելի է միջազգային հարաբերություններում։ Հետևաբար այս հարցը իրավական լուծումների հարթությունում չէ, այլ բացառապես քաղաքական։ Մենք ցանկանում ենք այս հարցը լուծել բարեկամական մթնոլորտում և մեր ռուս գործընկերներին խնդրում ենք կոնցեսիոն իրավունքը վաճառել երրորդ երկրի՝ այն պայմանով, որ այդ որոշումն ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար», - ասել է Փաշինյանը՝ կրկին ընդգծելով, որ այդ խնդրանքը բխում է միջազգային երկաթուղային տրանսպորտային փոխադրումներին ակտիվորեն մասնակցելու Հայաստանի անհրաժեշտությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կոչ էր արել Ռուսաստանին ճկունություն ցուցաբերել և հայկական երկաթուղիների կոնցեսիան վաճառել երրորդ բարեկամ կողմի։ Նա հայտնել էր, որ կոնցեսիան $400 մլն-ով գնելու առաջարկ կա։ Փաշինյանն ընդգծել էր, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման պայմաններում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանից երկաթուղիների կոնցեսիան վաճառելու առաջարկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հնչեցրել էր փետրվարի 13-ին։ Այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղիների՝ ռուսական կողմի կողմից կոնցեսիոն կառավարումը մրցակցային խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, և բազմաթիվ միջազգային գործընկերներ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ժամանակ ցանկանում են շրջանցել Հայաստանի տարածքը։ Այս համատեքստում նա ՌԴ-ին առաջարկել էր մտածել կոնցեսիան երրորդ՝ բարեկամ երկրի վաճառելու մասին։ Որպես օրինակ նա առաջարկել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Կատարը։
Ռուսաստանում Փաշինյանի այս պնդումներն անհիմն են համարում և հայտարարում, որ մտադիր չեն վաճառել կոնցեսիան։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100%-անոց դուստր ընկերությունն է։ 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին կոնցեսիոն պայմանագիրը։ Պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ առաջին քսան տարիների աշխատանքից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքների արդիականացումը, Հայաստանի հարևան պետությունների հետ համագործակցության զարգացումը, հանրապետության ներսում և միջազգային ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների զարգացումը։ Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է $572 մլն։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հունիսի 1-ին։