
Արմինֆո. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը և հանձնաժողովի անդամներ Հայկ Ֆարմանյանը, Արթուր Խաչատրյանն ու Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ։
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի նախագահը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև մասնագիտական երկխոսության, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, Հայաստանի երկարաժամկետ կայունությանը նպաստող քայլերի տեսանկյունից։ Լիանա Մանուկյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կլինի շարունակական։
Իր հերթին՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանը ներկայացրել է այցի նպատակը, կարևորել Ազգային ժողովի հետ համագործակցությունը, անդրադարձել ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին և թիրախներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ բյուջեի պակասուրդին և ԿԲ պահուստների մակարդակին:
Անդրադարձ է կատարվել ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությանը, էներգետիկ և ջրային ոլորտներին, պետական պարտքի կառավարմանը, տնտեսական աճին և ռիսկերին, գնաճին, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին ԱՄՀ-ը հավանություն էր տվել Հայաստանին շուրջ 25,1 մլն դոլարի հատկացմանը Stand-By Arrangement պահուստային ծրագրի առաջին վերանայման շրջանակներում: Որոշումը թույլ է տալիս երկրին տրամադրել 18,4 մլն փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափով միջոցներ, ինչը համարժեք է մոտ 25 մլն դոլարի: Հաշվի առնելով նոր տրանշը ՝ ծրագրով Հայաստանին հասանելի միջոցների ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 50,2 մլն դոլարի:
Պահուստային ծրագիրը հաստատվել է ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից 2025թ. դեկտեմբերին: Ընդ որում, Հայաստանի իշխանություններն այն դիտարկում են որպես ֆինանսական աջակցության կանխարգելիչ գործիք եւ հայտարարում են, որ չեն ծրագրում միջոցներն օգտագործել առանց ծայրահեղ անհրաժեշտության:
Հայաստանի Հանրապետությունը Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ է դարձել 1992 թվականի ապրիլի 28-ին: