Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026 15:55
Ալեքսանդր Ավանեսով

Առայժմ երկաթուղիների կոնցեսիայի դիմաց 400 մլն դոլար վճարելու պատրաստ ներդրողների կողմից գրավոր առաջարկներ չկան. Փաշինյան

Առայժմ երկաթուղիների կոնցեսիայի դիմաց 400 մլն դոլար վճարելու պատրաստ ներդրողների կողմից գրավոր առաջարկներ չկան. Փաշինյան

Արմինֆո.Ներկայումս չկա որեւէ գրավոր առաջարկ այն ներդրողներից, որոնք պատրաստ են 400 մլն դոլար վճարել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի դիմաց։ Այդ մասին օգոստոսի 27-ին  ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա ասելով՝ ԱԺ-ում իր հնչեցրած 400 մլն դոլար գումարը վերաբերում էր բանավոր պայմանավորվածությանը։ Փաշինյանն ընդգծեց, որ կոնցեսիան երրորդ կողմին հանձնելու հնարավորության վերաբերյալ աշխատանքային քննարկումներ են ընթանում: Կոպիտ ասած ՝ քննարկվում է այն հարցը, թե որքան արժե ապրանքը։ "Այնպես չէ, որ որևէ մեկը գրավոր պարտավորություն կամ առաջարկություն է տվել, որ "ես պատրաստ եմ 400 մլն դոլար վճարել", բայց բանավոր մակարդակով նման քննարկում կա", - ասել է Փաշինյանը:

 

Նա հավելել է, որ քննարկումների ընթացքում խոքը 350-400 մլն դոլարի գումարի մասին է։ Այդ ուղենիշները քննարկվում են պոտենցիալ շահագրգիռ կողմերի հետ, որոնցից կարծիք են խնդրում կոնցեսիայի հնարավոր արժեքի վերաբերյալ։ Փաշինյանն ակնկալում է, որ բանակցային գործընթացը հետագա զարգացում կստանա, նշելով, որ հարցն արդեն իսկ բարձրացվել է նաև պաշտոնական մակարդակով:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Ռուսաստանին կոչ է արել ճկունություն ցուցաբերել և հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառել երրորդ բարեկամ կողմի: Նա նաև հաղորդել է, որ 400 մլն դոլարով կոնցեսիան գնելու առաջարկ կա։ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման դեպքում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից: Նշենք, որ Ռուսաստանի կողմից երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի առաջարկն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր փետրվարի 13-ին: Այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ ռուսական կողմից Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման փաստը Հայաստանի համար մրցակցային խնդիրներ է ստեղծում, եւ շատ միջազգային գործընկերներ ցանկանում են շրջանցել Հայաստանի տարածքը՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս: Այդ առումով նա առաջարկել էր ՌԴ-ին մտածել երրորդ, բարեկամ երկրին կոնցեսիան վաճառելու մասին։ Որպես օրինակ նա առաջարկել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Քաթարը։ Ռուսաստանում անհիմն են անվանել Փաշինյանի այդ պնդումները և հայտարարել են, որ մտադիր չեն վաճառել հայկական երկաթուղիների կոնցեսիան։

 

Հիշեցնենք, որ "ՀԿԵ" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը "ՀԿԵ" ՓԲԸ կառավարմանը հանձնելու մասին: Պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի առաջին քսան տարուց հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ "ՀԿԵ" ՓԲԸ խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության զարգացումը, ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար: "ՀԿԵ" ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2008թ. հունիսի 1-ից։