Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026 15:54
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը նախատեսում է շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն արտահանել ԱՄԷ

Հայաստանը նախատեսում է շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն արտահանել ԱՄԷ

Արմինֆո. Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Օգոստոսի 27-ին այդ մասին հուշագիր են ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ Watermelon Ecosystem-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  Օմար Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված Watermelon Ecosystem հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։

 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

 

Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։

 

Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ -