
Արմինֆո. Լյուքսեմբուրգյան AGE S. A. հոլդինգային ընկերությունը, որը գործում է "Արինս Գրուպ" ՍՊԸ (Arins Group LLC) էկոհամակարգում, հայտարարում է Dhabi Group-ի հետ Վրաստանում "Տերաբանկ" ԲԸ (JSC Terabank) և The Biltmore Tbilisi հյուրանոցի ձեռք բերման շուրջ պարտավորեցնող պայմանագիր կնքելու մասին։ Ինչպես նշվում է Արդշինբանկից ԱրմԻնֆո-ին տրամադրած AGE S. A. հաղորդագրության մեջ, գործարքը ենթակա է հաստատման կարգավորող մարմինների կողմից:
Այդ գործարքը համապատասխանում է AGE S. A.-ի ("Արինս Գրուպ" ՍՊԸ-ի հետ համատեղ) ձգտմանը' ընդլայնել իր ներկայությունը Եվրոպայում և միջազգային մակարդակով, ամրապնդել առաջարկվող ծառայությունների շրջանակը և խորացնել տնտեսական կապերը առանցքային շուկաներում:
Վրաստանն ընտրվել է որպես տարածաշրջանային ընդլայնման առաջնային շուկա՝ շնորհիվ տնտեսական աճի բարձր դինամիկայի, ստուգված և հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության, ինչպես նաև ֆինանսական հատվածի նկատմամբ արդյունավետ վերահսկողության: Խմբի համար միանգամայն բնական է միջազգային էքսպանսիա սկսել հենց հարևան Վրաստանի հետ։
Ակնկալվում է, որ "Տերաբանկ" ԲԸ-ի ձեռք բերումը զգալի հնարավորություններ կստեղծի փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) հատվածում դիրքերի ամրապնդման, կորպորատիվ բանկինգի ոլորտում առաջարկների ընդլայնման և Վրաստանում լայնածավալ մանրածախ ֆրանշիզայի կառուցման համար:
Հինգաստղանի The Biltmore Tbilisi հյուրանոցը, որը խորհրդանշական շենք է Թբիլիսիում, ռազմավարական ներդրում է Վրաստանի հյուրընկալության և զբոսաշրջության հատվածում: Դա արտացոլում է երկրի տնտեսական հաջողության ապահովման AGE S. A.-ի երկարաժամկետ հանձնառությունը:
Նշենք, որ AGE S. A.-ն լյուքսեմբուրգյան հոլդինգային ընկերություն է, որը գործում է "Արինս Գրուպ" ՍՊԸ էկոհամակարգում: Վերջինս հանդիսանում է առաջատար ֆինանսական հոլդինգ, որի կենտրոնակայանը գտնվում է Հայաստանում։ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ "Արինս Գրուպի" զուտ ակտիվները կազմել են 1.635 մլրդ դոլար: "Արինս Գրուպն" իր դուստր ընկերությունների՝ "Արդշինբանկ" ԲԲԸ - ի, "Արմենիա Ինշուրանս" ՍՊԸ-ի և Arins Capital Fund-ի միջոցով տրամադրում է հաճախորդակենտրոն բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական համալիր ծառայություններ:
"Արինս Գրուպ" հոլդինգի մեջ է մտնում Արդշինբանկը, որը Հայաստանում առաջատար բանկ է, առաջարկում է ունիվերսալ բանկային ծառայությունների լայն շրջանակ մանրածախ և կորպորատիվ հատվածներում, փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին, ինչպես նաև ներդրումային բանկինգի հատվածում: Արդշինբանկը 2026թ. հունիսի 30 - ի դրությամբ պահպանում է առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշներով. ակտիվներ՝ 7.8 մլրդ դոլար, ընդհանուր կապիտալ՝ 1.1 մլրդ դոլար, ընդհանուր պարտավորություններ՝ ավելի քան 6.7 մլրդ դոլար, զուտ շահույթն 1-ին կիսամյակում՝ 187 մլն դոլար: Բանկը, ակտիվ մանրածախ վարկավորման հետ մեկտեղ, ակտիվ է նաև արդյունաբերության հատվածի, շինարարության ոլորտի, հանրային սննդի և ծառայությունների ոլորտների, ՓՄՁ սուբյեկտների կորպորատիվ վարկավորման գործում ՝ զուգահեռաբար ակտիվորեն ֆինանսավորելով ագրոհատվածն ու առևտրի ոլորտը, ինչպես նաև երկնիշ տեմպերով ավելացնելով հիփոթեքային վարկերի պորտֆելը: Կապիտալի եկամտաբերությամբ և ակտիվների շահութաբերությամբ ևս Արդշինբանկը առջեւում է. ROE՝ 35,7%, ROA՝ 5,1%: Արդշինբանկի մեծամասնական բաժնետերը "Արինս Գրուպ" ՍՊԸ-ն է՝ 98,92% բաժնեմասով:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն ունի երեք միջազգային վարկանիշային գործակալությունների վարկային վարկանիշներ․ S&P Global Ratings' "BB - "/կայուն, Moody's` "Ba3"/դրական, Fitch` "BB-"/դրական: Բանկն ունի Հայաստանի սուվերեն վարկանիշին հավասար վարկանիշ, ինչը առավելագույն հնարավոր ցուցանիշն է մասնավոր կազմակերպության համար:
Արդշինբանկը նաև միակ իրավաբանական անձն է Հայաստանում, որն իրականացրել է եվրապարտատոմսերի մի շարք թողարկումներ և դրանց տեղաբաշխում միջազգային ֆինանսական շուկաներում: 600 մլն դոլար ծավալով պարտատոմսերի վերջին տեղաբաշխումն ավարտվել է 2026թ. հունվարի 14-ին ։
Արդշինբանկը կանոնավոր աուդիտ է անցնում "մեծ քառյակի" (Ներկայումս Ernst & Young) ընկերություններում և հանդիսանում է հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում Citibank-ի և Bank of New York Mellon-ի, ԱՄՆ դոլարով քլիրինգի ծառայությունների, ինչպես նաև Commerzbank-ի, UniCredit-ի և Intesa Sanpaolo-ի հուսալի գործընկերը եվրոյով քլիրինգի ծառայությունների գծով:
«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն աչքի է ընկնում գույքի ապահովագրության դասի բարձր ակտիվությամբ, ունի ավելի քան 112 000 հաճախորդ և գործակալների լայն ցանց Հայաստանի ողջ տարածքում (173 ՝ 2026թ. հունիսի 30-ի դրությամբ): Ընկերությունը 2026թ. առաջին կիսամյակի արդյունքներով ապահովագրական շուկայի առաջատարն է զուտ շահույթով (2.1 մլն դոլար՝ տարեկան 2.1 անգամ աճով) և շահութաբերությամբ (ակտիվների՝ ROA - ն հավասար է 7.2% - ի, կապիտալի՝ ROE-ն հավասար է 16.9% - ի):
Arins Capital հիմնադրամը բաղկացած է վեց ենթահիմնադրամներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ ներդրումային ռազմավարությունը: Հիմնադրամի կառավարման ներքո են գտնվում ավելի քան 1.017 մլն դոլարի ակտիվներ։