Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026 16:06
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը:

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։ Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։ Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։

 

Ընկերությունն օգտվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից։ Ներկայում ընկերությունն իրականացնում է նաև 10 հեկտար տարածքով պղպեղի նոր ջերմոցի կառուցման աշխատանքներ, որի համար նախատեսվող ներդրումը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ։ Հետագա փուլերում նախատեսվում է հարակից տարածքներում հիմնել նաև հապալասի և խաղողի այգիներ։

 

Նախարարը կարևորել է նման արտադրությունների ստեղծումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տնտեսության զարգացման, նոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։