
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նշենք, որ Հայաստանն ու Իրանն արդեն տևական ժամանակ գործնական քննարկում են անցկացնում ընդհանուր պետական սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագծի շուրջ: Նոր ավտոմոբիլային կամրջի շինարարությունը նախատեսվում է արդեն գոյություն ունեցող կամրջի կողքին, որը կառուցվել է 1995 թվականին: Նախաձեռնությունը պարբերաբար քննարկվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների մակարդակով, մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ' Իրանի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում: Նախագիծն ուղղված է Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցության, թողունակության բարելավմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: