
Արմինֆո.Հայաստանը հերթական էներգետիկ նախագծից դուրս մնալու ռիսկի է դիմում։ Ինչպես հաղորդում է վրացական bm.ge լրատվամիջոցը, վկայակոչելով Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեին, բանակցություններ են ընթանում Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման համար ցամաքային տարանցիկ միջանցքի շուրջ:
Նրա խոսքով՝ նոր նախաձեռնության մշակմանը մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները: «Վրաստանը հերթական անգամ ընդգծում է իր շատ կարևոր աշխարհագրական դիրքը, որը մեր երկիրը դարձնում է էներգետիկ կենտրոն Հարավային Կովկասում: Դա երաշխավորում է, որ էլեկտրաէներգիան ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին, հարեւան երկրներից, կարող է Եվրոպա հաղորդվել Վրաստանի տարածքով", - նշել է փոխնախարարը։
Փխալաձեն կարծում է, որ այդ նախագիծն, առաջին հերթին, կապահովի Վրաստանին ուղիղ էներգետիկ կապը Եվրոպայի հետ, որը երկիրը նախկինում չի ունեցել՝ աշխարհագրական գործոնների պատճառով:
«Տնտեսական տեսանկյունից սա շատ կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն է, քանի որ տարանցումից բացի մենք նաև արտահանելու ենք սեփական էլեկտրաէներգիան։ Դա, իր հերթին, կաջակցի տեղական բիզնեսին և կապահովի երկրում էներգետիկայի զարգացման բարձր մակարդակ», - ասել է նա։