
Արմինֆո. Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջազգային զարգացումներին և Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին:
Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների առկա դինամիկան առևտրատնտեսական հստակ արդյունքներով ամրագրելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Կանադայի միջև առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-մայիս ամիսներին աճել է 16,5%-ով՝ կազմելով 14,1 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կազմել է 1,4 մլն դոլար՝ 25,3% տարեկան աճով՝ ներմուծման 15,6%-ով, մինչև 12,7 մլն դոլար աճի ֆոնին։