
Արմինֆո.Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։
Վրաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի՝ «Ori nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva», «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։
Իր բացման խոսքում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար։
Սահիկաշարի միջոցով ներկայացվել են Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկներ, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկ, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալներ։