
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Նախարարն առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների, ներդրումային ծրագրերի և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության զարգացման համար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում: Նրա խոսքով ՝ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13 տոկոս ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ։ Վերջին 9 տարիներին վերամշակող արդյունաբերությունն աճել է 2 անգամ։