Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026 15:44
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է

Փաշինյան․ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է

Արմինֆո.Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է ցուցադրում։ Այդ մասին հուլիսի 6-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եկատերինբուրգում  "ԻՆՆՈՊՐՈՄ-2026" ցուցահանդեսի լիագումար նիստում։

 

Նրա խոսքով ՝ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին 9 տարիներին վերամշակող արդյունաբերությունն աճել է 2 անգամ։ Միկրոէլեկտրոնիկայի, դեղագործության և ռոբոտաշինության զարգացումը խթանում է հիմնարար գիտական մշակումների աճը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը՝ ձևավորելով որակապես նոր աշխատաշուկա:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից  մեկը տեխնոլոգիական զարգացում ապահովող գիտելիքահեն արտադրությունների ձևավորումն է՝ թվայնացման գործընթացների օպտիմալացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և տվյալների վերլուծության միջոցով: Այս մոտեցումը մեծացնում է ճյուղի ներդրումային գրավչությունը, արագացնում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և պայմաններ է ստեղծում բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար: "Ինովացիոն զարգացման մեր ռազմավարությունն է ապահովել կայուն աճ ՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական միտումներին ինտեգրվելը և տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը", - ասել է վարչապետը, հավելելով, որ վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են Հայաստանի աճող ընկալման մասին՝ որպես հուսալի երկրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող գործընկերոջ ։ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ արդյունաբերությունը շարժիչ ուժերից մեկն է, այդ թվում ՝ Եվրասիական տնտեսական միությունում: Ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք է դարձել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Այս մեխանիզմը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոխշահավետ համագործակցության համար։ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են։

 

Փաշինյանը նաև նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության սրընթաց աճի պայմաններում առանցքային հարց պետք է մնա հումանիտար ասպեկտը: Նոր տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ՝ ազատելու նրան առօրյա միապաղաղ աշխատանքից՝ դրանով իսկ նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար: