Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 17:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում գինեգործության ոլորտի համար ESG չափորոշիչների ներդրման ուղեցույց կմշակվի

Հայաստանում գինեգործության ոլորտի համար ESG չափորոշիչների ներդրման ուղեցույց կմշակվի

Արմինֆո.  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի է ունեցել գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հաղորդագրության համաձայն,  վերջինս կրում էր «ESG և գինեգործության զարգացման հնարավորությունները․ միջազգային փորձը և Հայաստանի հեռանկարները» խորագիրը, ու նպատակ էր հետապնդում ոգելից խմիչքների բնագավառի գործարարներին ներկայացնել արտադրության կազմակերպման գրծընթացում շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) միջազգային չափանիշները, փորձը, դրանց կիրառման կարևորությունը, մասնավորապես նոր՝ արտերկրի, շուկա դուրս գալու համար։

 

Ծրագրի ղեկավար Միքայել Թևոսյանը հանգամանալի ներկայացրել է ՀԱԳՄ–ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու գլխավոր ուղղությունները, ՇՄՍԿ–ի հիմնական պահանջներն ու չափորոշիչները, դրանց գործիքները, հաջողված օրինակներ բերել Մոլդովայում կիրառված փորձից։   Մանրամասն անդրադաձ է եղել Հայաստանում ՇՄՍԿ–ի զարգացման միտումներին, հայրենական գինեգործության ոլորտի համար համապատասխան գործիքների մշակման մոտեցումներին։

 

Մասնակիցները ներկայացրել են իրենց ընկերություններում ՇՄՍԿ չափորոշիչների ապահովման ուղությամբ իրականացրած միջոցառումները, դրանց տեղայնացման ու կիրառման դժվարությունները, կարևորել են անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը, ստացել իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ։

 

Նշվել է, որ ՀԱԳՄ ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքը կլինի շարունակական, առաջիկայում կմշակվի ՇՄՍԿ չափորոշիչների ներդրման ուղեցույց։ Հանդիպմանը հաջորդել է շրջայցն Ալլուրիա համալիրում, որի ընթացքում  մասնակիցները  ծանոթացել են  տեղում  գինու  արտադրության գործընթացին, ներդրված տեխնոլոգիաներին, ձեռնարկված  բնապահպանական քայլերին։

 

Նշենք, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գինու արտադրության ծավալն աճել է 20,6% - ով ՝ կազմելով 2,2 մլն լիտր։