Երեքշաբթի, 23 Հունիսի 2026 18:14
Ալինա Հովհաննիսյան

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ 2 մլրդ եվրո ուղղել Սեւծովյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացմանը

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ 2 մլրդ եվրո ուղղել Սեւծովյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացմանը

Արմինֆո Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Փոխկապակցվածության օրակարգի հարթակի (Connectivity Agenda Platform, CAP) գործարկման մասին և համաձայնագրեր է կնքել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնք թույլ կտան մինչև 2 մլրդ եվրո մոբիլիզացնել ռազմավարական ներդրումների համար՝ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման նպատակով:

 

Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարվել է բարձր մակարդակի նախարարական հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էին ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը, միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելան և կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը: Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև G7 երկրների և միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ:

 

Ինչպես ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, CAP-ը կդառնա մասնակից երկրների, միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ ներդրումների համակարգման եւ համատեղ քաղաքական որոշումների մշակման մեխանիզմ՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային փոխկապակցվածության եւ առեւտրի ոլորտներում:

 

Համագործակցության հետագա ամրապնդման համար հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են բարձրացնել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի աշխատանքի արդյունավետությունը: