Շաբաթ, 13 Հունիսի 2026 13:37
Ալինա Հովհաննիսյան

Էջմիածնում կհայտնվի  խեցգետնաբուծական համալիր՝ տարեկան 12 տոննա արտադրության հզորությամբ. Էկոնոմիկայի նախարարություն

Էջմիածնում կհայտնվի  խեցգետնաբուծական համալիր՝ տարեկան 12 տոննա արտադրության հզորությամբ. Էկոնոմիկայի նախարարություն

Արմինֆո ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր։

 

 «Հ.Ա.Տ ԳՈԼԴ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն օգտվել է  Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ընկերության ղեկավարը ներկայացրել է կառուցման ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել, որ միջին հզորության այս խեցգետնաբուծարանի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է 129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։

 

Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետություն-մասնավոր նմանօրինակ համագործակցությունը, որն ուղղված է ոլորտի զարգացմանը։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին եռամսյակում ձկնաբուծության ոլորտում որսը կազմել է 9 350 տոննա, ինչը 3,9 տոկոսով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը:

 

Նշենք, որ պետական ծրագիրն իրականացվում է 2024-2029թթ. և ենթադրում է ներդրումային ծախսերի 50% - ի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ծախսերի յուրաքանչյուր հոդվածի համար սահմանված արժեքի 50% - ը:

 

Ծրագիրը նախատեսում է երեք տեսակի խեցգետնաբուծական համալիր ստեղծում․ փոքր' 460 քմ ընդհանուր մակերեսով եւ տարեկան 6 տոննա արտադրական հզորությամբ, միջին' 800 քմ մակերեսով, տարեկան 12 տոննա արտադրական հզորությամբ, խոշոր' 1050 քմ մակերեսով, տարեկան 18 տոննա արտադրական հզորությամբ: