
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։
Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց փողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքները: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Այս փողոցի տրամաբանական շարունակությունն Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածն է (այսուհետ՝ Ճանապարհ), որը հանդիսանում է Լենինգրադյան փողոց–Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունը և անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով և Հրազդան գետի վրայով` միանում է Արշակունյաց պողոտային: Հիշյալ պարագայում նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով կապահովվի երթևեկության ուղղությունների բոլոր կապերը: Մայրուղու երկու հատվածների ամբողջականությունը մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է՝ միմյանց կապելով Երևան քաղաքի 3 վարչական շրջան և իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:
Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 85.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 20,5 միլիոն ԱՄՆ դոլար նախատեսվել է պետական ֆինանսավորմամբ: Նշված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, ավարտը՝ 2028 թվականի մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
Պատրաստ են Ծրագրի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև ստացված է շինարարության թույլտվությունը: Նախագիծը ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա 269մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է (իջատեղերով՝ 6.57 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ:
Իրականացված են վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների և նախագծի վերանայման ու տեխնիկական հսկողության խորհրդատուի մրցութային գործընթացները։ Շինարարական աշխատանքների համար միջազգային մրցույթն ավարտված է, հաղթող ընկերության հետ պայմանագիրը կնքված է: Կնքված է նաև տեխնիկական հսկողության ծառայությունների պայմանագիրը։ Ակնկալվում է 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին մեկնարկել շինարարական աշխատանքները, որպիսի պարագայում օտարման այս գործընթացների իրականացումը կրիտիկական անհրաժեշտություն է։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 11-ին ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյանց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1357-Ն որոշումը, որում ներառվել են 21 (քսանմեկ) ֆիզիկական և 6 (վեց) իրավաբանական անձանց պատկանող թվով անշարժ գույքեր (ընդամենը՝ 27 (քսանյոթ) միավոր)։ Նշված անձանց հետ գույքերի օտարման գործընթացն ընթանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սակայն, նշված գործընթացի հետ մեկտեղ, տվյալների բազայի ուսումնասիրման և տեղում օտարման գործընթացի իրականացման ընթացքում պարզվել է, որ առկա 4 գույքերը, որոնք չեն ներառվել վերը նշված որոշման մեջ, ենթակա են օտարման։