
Արմինֆո. Հայաստանը շահել է Միջազգային արբիտրաժային դատարանում "Սանիթեք" ընկերության դեմ գործը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Հայ առաջադեմ երիտասարդություն" ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած առկա տարաձայնություններին, ՀՀ Կառավարությունը և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ ճակատով տրիբունալում պաշտպանել են ՀՀ շահերը:
«Տրիբունալն արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։ Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ ՀՀ-ից «Սանիթեք»-ի պահանջած 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցումը նույնպես մերժվել է», - գրել է Երիցյանը:
Հիշեցնենք, որ Երևանում կենցաղային թափոնների հեռացմանն առնչվող խնդիրներն սկսվել էին դեռևս 2018 թվականի ամռանը, իսկ 2019 թվականի գարնանը "Սանիթեք" ընկերությունը երկու անգամ տուգանվել էր պարտավորությունները չկատարելու համար, ընդհանուր առմամբ, 40 մլն դրամի չափով: Այդ առնչությամբ ընկերությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Հայցի գումարը կազմում էր մոտ 25 մլն դրամ։ Փետրվարին "Սանիթեք Ինթերնեյշնլ" և "Սանիթեք Արմենիա" ընկերությունների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ հարկերը չվճարելու համար: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ "Սանիթեքը" մայրաքաղաքի բյուջեին պատճառել է 5.3 միլիարդ դրամի վնաս: Ընկերությունը հերքել էր առաջադրված մեղադրանքները։ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին "Սանիթեք" ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել էր վերջին դրամական փոխանցումը. ընկերությանը փոխանցվել էր 160 մլն դրամ ՝ ընթացիկ տարվա օգոստոսի երկրորդ կեսին մատուցված ծառայությունների դիմաց: Նշվում էր, որ Երևանի քաղաքապետարանն այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի "Սանիթեքի" հանդեպ, հաշվի առնելով, որ ը.տ. օգոստոսի 29-ից ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը: 2019 թվականի հոկտեմբերի 14-ին "Սանիթեք" ընկերությունը սկսել էր Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց: