Ուրբաթ, 22 Մայիսի 2026 13:35
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները տնտեսական համագործակցության օրակարգի շուրջ

Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները տնտեսական համագործակցության օրակարգի շուրջ

Արմինֆո. ԻԻՀ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ:

 

Իրանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին և ընդգծել դրանց արդյունավետ ու ժամանակին իրականացման կարևորությունը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային, էներգետիկ և սահմանային անցակետերի արդիականացման ոլորտներում իրականացվող նախագծերի շուրջ։

 

Դեսպան Հակոբյանը ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ հաղորդակցային ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը։

 

Փոխնախարար Ղամբարին վերահաստատել է ԻԻՀ պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը և ակտիվացնելու տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերի գործունեությունը։

 

"Հյուսիս-Հարավը" անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այդ ճանապարհը կկրճատի իրանական սահմանից մինչեւ վրացական սահման տարածությունը՝ 556 կմ-ից մինչեւ 490 կմ։ Ճանապարհը էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ 2024 թվականի մայիսի դրությամբ ներդրումային ծրագիրն իրականացվել է 10% - ով, իսկ ներգրավված վարկերի չափը 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 800,7 մլն դոլար։