
Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնել Ընտրական օրենսգրքի շրջանակներում:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում», - ասվում է ԿԸՀ-ի հայտարարությունում։