Ուրբաթ, 8 Մայիսի 2026 13:06
Կարինա Մելիքյան

Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է՝ 4,1 տոկոսից մինչև 7,1 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է՝ 4,1 տոկոսից մինչև 7,1 տոկոս

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է մինչև տարեկան 7,1% (2025թ. նույն ժամանակահատվածի 4,1% - ից), և որպես դրայվեր հանդես են եկել շինարարության ոլորտն ու արդյունաբերության հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի դինամիկայի բարելավմամբ՝ ծանրակշիռ անկումից հասնելով չափավոր աճի։

 

Վիճակագրության համաձայն, 2026թ.հունվար-մարտին տնտեսական ակտիվության աճի արագացումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի բարելավումից՝ 18,5% անկումից մինչև 13,4% աճ, և շինարարության ոլորտի էլ ավելի արագացած աճից՝ 13,6%-ից մինչև 22%։ Արագացել է նաև էներգահամալիրի տարեկան աճը՝ 6,5%-ից մինչեւ 7,3%։ Ընդ որում, առեւտրի ոլորտում տարեկան աճը շարունակել է դանդաղել՝ 6%-ից մինչեւ 2,1%, ինչը դիտվել է նաեւ ծառայությունների ոլորտում՝ 11,5%-ից մինչեւ 7,4%: Ագրոհատվածում տարեկան դինամիկան վատթարացել է՝ 10,5% աճից շրջադարձ կատարելով դեպի 5,2% անկում։