Երեքշաբթի, 5 Մայիսի 2026 19:16
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. Հայաստանում գնաճի արագացմանը կարող են նպաստել էներգակիրների գների աճը, մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների փոփոխությունները

ՀՀ ԿԲ. Հայաստանում գնաճի արագացմանը կարող են նպաստել էներգակիրների գների աճը, մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների փոփոխությունները

Արմինֆո.Առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող է նպաստել էներգակիրների գների զգալի աճը, ինչպես նաև մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները: Այս մասին նշվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5% մակարդակում պահպանելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի մայիսի 5-ի որոշման հիմնավորման մեջ:

Ավելին, հաշվի առնելով պարենի համաշխարհային գների աճը Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության պայմաններում՝ ապագայի հիմնական անորոշությունները կապված կլինեն նաև դրանց տևողության և Հայաստանի ներքին շուկայի վրա հնարավոր ազդեցության հետ: Այս գործոնների ազդեցության մասշտաբը կախված կլինի հակամարտության տևողությունից և ընդգրկվածությունից:

Մյուս կողմից, ծառայությունների գների և չարտահանվող կոշտ գների ինդեքսի աճը (առանց բժշկական ծառայությունների գնաճի հաշվառման) շարունակում է ձևավորվել թիրախային մակարդակի շուրջ՝ արձանագրելով արագացման որոշակի միտումներ: Վերջինս, զուգորդվելով մասնավոր հատվածում աշխատավարձերի աճի կայունացմամբ (5-6% միջակայքում) և ԿԲ-ի կողմից իրականացվող ուղղակի հարցումների արդյունքներով, վկայում է թիրախային մակարդակի (3%, +/- 1 տոկոսային կետ) մոտ գնաճային սպասումների կայունացման տևականության մասին:

2026թ. I եռամսյակում տարեկան գնաճը շարունակել է արագանալ՝ մարտին հասնելով 4,5%-ի, ինչը նկատվել է նաև բազային տարեկան գնաճի մասով, որն ամրապնդվել է թիրախային շեմից բարձր՝ 4,7% մակարդակում (թիրախային 3%-ի, +/- 1 տոկոսային կետի դիմաց): Սա, իր հերթին, մեծամասամբ արտացոլում է ինչպես ներմուծվող ապրանքների, մասնավորապես՝ պարենի և էներգակիրների գների աճը, այնպես էլ տեղական տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությունը: Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին նկատվում է տեղական սննդամթերքի գնաճի որոշակի արագացում, ինչը, առաջարկի գործոններից բացի, կարող է նաև արտացոլել տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայությունը: Ավելին, բազային գնաճի արագացումն ունի ավելի համատարած բնույթ ապրանքային խմբերի գծով, ինչը, որոշ չարտահանվող ծառայությունների գների աճի հետ մեկտեղ, նույնպես կարող է վկայել այդ մասին:

2026թ. I եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների զգալի աճի ու տատանողականության պայմաններում, համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերն էապես աճել են: Այսպես, ԱՄՆ-ում տնտեսական աճը I եռամսյակում որոշակիորեն արագացել է, սակայն, այդուհանդերձ, սպառողական պահանջարկի թուլացումը շարունակվում է: Միևնույն ժամանակ, աճել են ԱՄՆ պետական պարտքի և, հետևաբար, երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակում պահպանման ռիսկերը, ինչը պայմանավորված է մաքսատուրքերի հավաքագրման հնարավորությունների որոշակի սահմանափակմամբ, ինչպես նաև պաշտպանական ծախսերի հնարավոր ավելացման անհրաժեշտությամբ: Հայաստանի մյուս հիմնական գործընկեր երկրներում միջնաժամկետ աճի և պահանջարկի թուլացման ռիսկերը դարձել են ավելի առարկայական: Մասնավորապես, Եվրագոտում, պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների ու մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում, տնտեսական աճը շարունակել է թուլանալ: Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցանիշները վկայում են տնտեսության դանդաղման և I եռամսյակում ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին: Միաժամանակ, Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության պայմաններում, սրվում են էներգակիրների և այլ հումքային ապրանքների շուկաներում գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից ընթացիկ դրույքաչափերի տևական պահպանման կամ առանձին դեպքերում դրանց բարձրացման հավանականությունը:

2026թ. I եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն: Դրան մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ոլորտների զգալի աճը: Հատկանշական է, որ վերջին ամիսներին ծառայությունների ոլորտի բարձր ակտիվությունն ուղեկցվում է նկատելի կառուցվածքային տեղաշարժով դեպի այն հատվածներ, որոնք հիմնականում ուղղված են պահանջարկի ընդլայնմանը, ինչը մատնանշում է տնտեսությունում հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների ձևավորման մասին: Ավելին, նկատվում են արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ, ինչն արտահայտվում է գլխավորապես դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճով՝ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության ֆոնին: Այս իրավիճակում համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է որպես ընդլայնող, թեև գնաճի դինամիկայում դեռևս էական են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկերը: Հատկանշական է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից առավել խթանող դիրքի ձևավորման ռիսկերը որոշակիորեն թուլացել են, իսկ մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ:

Ընթացիկ մակրոտնտեսական զարգացումների պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ ԿԲ-ն միջնաժամկետ հատվածում կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 6,25%:

Ներքին պահանջարկ
2026թ. I եռամսյակում Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, այդ թվում՝ որոշ ոչ կառուցվածքային և միանվագ գործոնների ազդեցությամբ՝ մարտին կազմելով 6,6%: Տնտեսական աճին նախկինի պես զգալիորեն նպաստել են շինարարության և ծառայությունների ոլորտները: Չնայած ծառայությունների ոլորտում աճի բարձր տեմպերի պահպանմանը, դրանց կառուցվածքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Ֆինանսական հատվածում աճի թուլացմանը զուգահեռ, հատկապես վերջին ամիսներին, նկատվում է աճի զգալի արագացում այն ոլորտներում, որոնք հիմնականում առաջնորդվում են պահանջարկի ընդլայնմամբ, մասնավորապես՝ մշակույթ և զվարճություններ, կացության և հանրային սննդի կազմակերպում, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն և այլն: Սա կարող է վկայել ներքին պահանջարկի պայմանների ընդլայնման մասին: Վերջինս ուղեկցվում է նաև ներմուծման և մանրածախ առևտրի զգալի ակտիվացմամբ: Մյուս կողմից, մշակող արդյունաբերության աճի արագացումը հիմնականում պայմանավորված է ոչ կառուցվածքային գործոններով, իսկ որոշ ավանդական ճյուղեր, մասնավորապես՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, արդեն իսկ կրում են Մերձավոր Արևելքի հակամարտության բացասական հետևանքները, ինչն արտահայտվում է թողարկման և դեպի տարածաշրջանի երկրներ արտահանման կրճատմամբ:

Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը 2026թ. I եռամսյակում աճել են՝ հաստատվելով պատմականորեն բարձր մակարդակի վրա: Հատկանշական է, որ 2026թ. մարտին Իրանից ժամանող զբոսաշրջիկների քանակը փոքր-ինչ նվազել է, իսկ Ռուսաստանից՝ զգալիորեն աճել (տարեկան կտրվածքով շուրջ 40%-ով), ինչը, հավանաբար, արտացոլում է մերձավորարևելյան ուղղությունից վերակողմնորոշման էֆեկտը:

Միևնույն ժամանակ, պահպանվում է բարձր արտաքին պահանջարկը տեղական ապրանքների և, հատկապես, ՏՏ ու ֆինանսական ծառայությունների նկատմամբ: Միջնաժամկետ հատվածում արտաքին պահանջարկի կանխատեսումը մեծապես պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսությունում և Ռուսաստանի տնտեսությունում պահանջարկի թուլացման ռիսկերով, ինչպես նաև հետագա աշխարհաքաղաքական իրադարձություններով:

Ռուսաստան սեզոնային միգրացիայի միտումների և դրամական փոխանցումների եղանակների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից, ռուբլու փոխարժեքի տևական պահպանումը ներկա մակարդակում կարող է ուժեղացնել Հայաստանից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի շարժառիթները: Մյուս կողմից, տնտեսական աճի զգալի թուլացումը, Ռուսաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների նկատմամբ բարձր անորոշությունը և միգրացիոն քաղաքականության խստացումը կարող են որոշակիորեն զսպել միգրացիոն հոսքերը դեպի Ռուսաստան՝ նպաստելով Հայաստանում աշխատուժի առաջարկի աճին և դեֆլյացիոն ռիսկերի ձևավորմանը:

Այս համատեքստում տարբեր ազդակներ կարող են վկայել 2026թ. I եռամսյակում ՀՆԱ-ի չեզոքին մոտ, փոքր դրական ճեղքի ձևավորման մասին: Այնուամենայնիվ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև տարբեր ճյուղերում անհամաչափ ու երկիմաստ փոփոխություններն ուժեղացնում են անորոշությունը տնտեսությունում համախառն պահանջարկի և առաջարկի հարաբերակցության վերաբերյալ: Մի կողմից, մասնավոր սպառման բարձր մակարդակը, որն ուղեկցվում է վարկավորման զգալի աճով, ինչպես նաև բարձր տնտեսական ակտիվությունն այն ճյուղերում, որոնք հիմնականում առաջնորդվում են պահանջարկի ընդլայնմամբ՝ արագացող գնաճի պայմաններում, կարող են մատնանշել տնտեսությունում ավելցուկային, բարձր պահանջարկի առկայության մասին: Մյուս կողմից, աճի կենտրոնացումը, չարտահանվող ապրանքների գների («կոշտ» գների) և աշխատավարձերի աճի տեմպերի կայունացումը թիրախային կամ կայուն մակարդակների շուրջ համապատասխանում են պահանջարկի և առաջարկի ավելի հավասարակշռված դիրքի ձևավորմանը:

Պետական բյուջեի եկամուտները 2026թ. I եռամսյակում գերակատարվել են, ինչը կարող է մեղմել դեֆիցիտի ընդլայնման ռիսկերը կենսաթոշակների և սոցիալական ծախսերի աճի պայմաններում: Այդուհանդերձ, հարկային եկամուտների թերակատարման ռիսկերը պահպանվում են՝ հաշվի առնելով վարչարարության հետագա բարելավման սահմանափակ հնարավորությունները և տնտեսական աճի հնարավոր կայունացումը: Պետական բյուջեի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերը, նախորդ տարիների միտումների համաձայն, թերակատարվել են: Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների բարձրացման հետ կապված՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել խթանող (ընդլայնողական) դիրքի ձևավորման ռիսկերը պահպանվում են, թեև որոշակիորեն թուլացել են հարկային եկամուտների ընթացիկ գերակատարման շնորհիվ: Առաջիկայում հիմնական անորոշությունները կապված են եկամուտների հետագա աճի հնարավորությունների և, հատկապես, կապիտալ ծախսերի կատարողականի հետ՝ զգալի կառուցվածքային փոփոխությունների պայմաններում: Սա, իր հերթին, անորոշություն է ստեղծում ինչպես կարճաժամկետ հատվածում պահանջարկի վրա ունեցած ազդեցության, այնպես էլ միջնաժամկետ ժամանակահատվածում պոտենցիալ աճի ընդլայնման տեսանկյունից:

Աշխատաշուկա

Գործազրկության մակարդակը 2025թ. IV եռամսյակում փոքր-ինչ աճել է՝ կազմելով 13,1%: Հարկ է նշել, որ, չնայած վերջին շրջանում նկատվող տատանողականությանը, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի կողմից իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների և Պետական եկամուտների կոմիտեի տվյալների միջև արձանագրված տարբերություններին, մի շարք կարևոր ցուցանիշների համադրումը կարող է վկայել աշխատաշուկայում ձևավորված հարաբերական հավասարակշռության մասին: Մասնավորապես, գործազրկության մակարդակը տատանվում է 12-13% միջակայքում, իսկ գրանցված աշխատատեղերի և աշխատավարձերի աճը, որոշակիորեն դանդաղելով, կայունացման միտումներ է դրսևորում: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին, ծառայությունների ոլորտի առանձին հատվածների աճին զուգահեռ, նկատվում է նաև աշխատավարձերի աճի տեմպերի արագացում:

Մասնավոր հատվածում անվանական աշխատավարձի աճը 2026 թվականի սկզբին պահպանել է կայուն տեմպեր՝ հաստատվելով տարեկան շուրջ 5%-ի մոտ: Մի կողմից, գործազրկության ընթացիկ մակարդակը կարող է մասնակիորեն արտացոլել աշխատաշուկայում ձևավորված որոշակի ավելցուկային պահանջարկը՝ հատկապես այն պայմաններում, երբ 2025 թվականի երկրորդ կեսին գործազրկության անկումը, հնարավոր է, գերազանցել է գնահատված բնական մակարդակը, իսկ դրանից բխող ռիսկերը աշխատավարձերի և գնաճի համար դեռևս կարող են դրսևորվել աշխատավարձերի կոշտության պատճառով: Այդուհանդերձ, չի կարելի բացառել նաև այն, որ վերջին տարիներին գործազրկության բնական մակարդակն աստիճանաբար նվազել է՝ ամրապնդվելով 11-13% միջակայքում: Դրան կարող էին նպաստել 2022 թվականից սկսած արտադրողականության և արտահանման հնարավորությունների ընդլայնումը, Հայաստանի տնտեսությունում բարձր որակավորում ունեցող աշխատուժի ինտեգրումը և տևական հաստատումը, տարբեր էլեկտրոնային հարթակների զարգացման շնորհիվ աշխատատեղերի և աշխատանքային ռեսուրսների համադրման արդյունավետության բարձրացումը, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները և այլ գործոններ:

Մյուս կողմից, վերջին ամիսներին Ռուսաստանից Հայաստան կատարվող ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալներն ու քանակն աճել են, ինչը կարող է վկայել այն մասին, որ ռուբլու ամրապնդման և ՌԴ-ում աշխատուժի շարունակական դեֆիցիտի խնդիրները գերակշռել են միգրացիոն հոսքերը սահմանափակող գործոնների ազդեցությանը՝ խթանելով աշխատանքային հոսքերի աճը:

Արդյունքում, չնայած աշխատաշուկայի կողմից տրվող երկիմաստ ազդակներին, որոշ զարգացումներ կարող են վկայել տնտեսության առավել հավասարակշռված վիճակի մասին: Մոտ ապագայում հիմնական անորոշությունը կապված է աշխատուժի առաջարկի աճի հնարավորությունների հետ, հատկապես պահանջարկի պայմանների ընդլայնման դեպքում: Միևնույն ժամանակ, աշխատանքային միգրացիայի հոսքերի հնարավոր աճը կարող է հանգեցնել աշխատաշուկայում պայմանների խստացմանը՝ ստեղծելով գնաճային ռիսկեր:

Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը նվազել է մինչև պատմական նվազագույն մակարդակ

Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը 2026թ. ապրիլին նվազել է մինչև պատմական նվազագույն մակարդակ՝ Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ լարվածության թուլացման ֆոնին: Սա կարող է պայմանավորված լինել ինչպես զարգացող երկրների ընդհանուր միտումներով, այնպես էլ Հայաստանի համար առանձնահատուկ գործոններով, մասնավորապես՝ մակրոտնտեսական կայունության շարունակական ամրապնդմամբ, էներգակիրների գների նկատմամբ երկրի համեմատաբար փոքր խոցելիությամբ, դրանց մատակարարման համեմատաբար կայուն աղբյուրների առկայությամբ և այլ գործոններով:

Համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները վատթարացել են

2026թ. I եռամսյակում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները վատթարացել են, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ պահպանվող լարվածությամբ, աշխարհաքաղաքական անորոշությամբ և էներգակիրների գների զգալի աճով ու տատանողականությամբ: Աշխարհաքաղաքական իրադարձությունների և տնտեսական քաղաքականության էական տրանսֆորմացիաների պայմաններում ԱՄՆ-ի տնտեսական աճը վերջին եռամսյակներում դրսևորել է զգալի տատանողականություն՝ 2026թ. I եռամսյակում կազմելով տարեկան շուրջ 2%: Տնտեսական աճի ընթացիկ ցուցանիշում զգալի ավանդ (շուրջ 0,7 տոկոսային կետ) է ունեցել պետական ծախսերի վերականգնումը, ինչը հիմնականում պայմանավորված էր նախորդ եռամսյակում ԱՄՆ կառավարության աշխատանքի «սահմանափակմամբ», մինչդեռ մասնավոր սպառումը աստիճանաբար դանդաղում է: Աշխատաշուկայի տարբեր ցուցանիշների համախումբը նույնպես վկայում է ներքին պահանջարկի կարգավորման մասին: Չնայած այն հանգամանքին, որ ակտիվների գները վերջին շրջանում շարունակել են աճել՝ ամրապնդվելով բարձր մակարդակներում, տնտեսության հեռանկարների և, հատկապես, այլ ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) արդյունավետ կիրառման վերաբերյալ անորոշության պայմաններում այդ գների հնարավոր ճշգրտման ռիսկերը պահպանվում են: Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության պահպանումը և առևտրային ուղիների սահմանափակումը պարունակում են տնտեսական աճի հեռանկարների լրացուցիչ վատթարացման և, միաժամանակ, գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր:

Մյուս կողմից, մաքսատուրքերի մի մասի չեղարկման և կուտակված վերադարձների գծով պարտավորությունների պայմաններում աճել է անորոշությունը հարկային եկամուտների հավաքագրման հնարավորությունների վերաբերյալ: Այս հանգամանքներում ծախսերի ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը, այդ թվում՝ պայմանավորված պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությամբ, միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել պետական պարտքի զգալիորեն ավելի բարձր հետագծի՝ ստեղծելով երկարաժամկետ իրական տոկոսադրույքների հետագա աճի կամ դրանց տևականորեն բարձր մակարդակում պահպանման ռիսկեր: Նմանատիպ իրադարձությունները կարող են ազդել ինչպես ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) դրամավարկային քաղաքականության հեռանկարների, այնպես էլ չեզոք տոկոսադրույքի մակարդակի և զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:

2026թ. I եռամսյակում գնաճը զգալիորեն արագացել է՝ մարտին կազմելով տարեկան 3,3%: Կոշտ գների և ծառայությունների գնաճը մնացել է հարաբերականորեն կայուն՝ շարունակելով պահպանվել թիրախից զգալիորեն բարձր մակարդակում: ԱՄՆ արտաքին և առևտրային քաղաքականության շուրջ անորոշությունը, նավթի գների աճը և դրանից բխող լրացուցիչ ճնշումը տնտեսության այլ ճյուղերի վրա շարունակում են գնաճային միջավայրի ընդլայնման ռիսկեր պարունակել: Մյուս կողմից, աշխատաշուկայի պայմանները վերջին եռամսյակներում հարաբերականորեն կայունանում են, իսկ էներգակիրների գների կտրուկ աճը պարունակում է դրանց հետագա անցանկալի թուլացման և, միաժամանակ, գնաճային միջավայրի ընդլայնման ռիսկեր: Այս պայմաններում ԱՄՆ ԴՊՀ-ի՝ գների կայունության և լիարժեք զբաղվածության ապահովման խնդրի իրականացումը զգալիորեն բարդանում է:

2026թ. I եռամսյակում Եվրագոտու տնտեսական աճը շարունակել է թուլանալ՝ հաստատվելով ցածր՝ 0,1% (եռամսյակը եռամսյակի նկատմամբ) մակարդակում, ինչն արտացոլում է արդյունաբերության մեջ պահպանվող կառուցվածքային խնդիրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության բացասական հետևանքները: Էներգակիրների գների և դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պատճառով գնաճային ճնշումը նույնպես շարունակում է արագորեն նյութականանալ. 2026թ. ապրիլին տարեկան գնաճը կազմել է 3% (փետրվարի 1,9%-ի դիմաց): Միևնույն ժամանակ, բազային գնաճի ցուցանիշները տարաբնույթ ազդակներ են հաղորդում պահանջարկի վիճակի մասին. բազային գնաճը մոտ է թիրախային մակարդակին՝ տարեկան 2,2%, մինչդեռ ծառայությունների ոլորտի գնաճը պահպանվում է թիրախից բարձր՝ տարեկան 3% մակարդակում՝ հավանաբար արտացոլելով աշխատաշուկայում դեռևս առկա խիստ պայմանները:

ՌԴ տնտեսության ներկա վիճակի և աճի հեռանկարների վերաբերյալ զգալի անորոշությունը պահպանվում է: Տնտեսական զարգացման առաջանցիկ ցուցանիշները վկայում են 2026թ. I եռամսյակում տնտեսության փոքր անկման մասին: Թեև սա մեծապես պայմանավորված է մշակող արդյունաբերության թողարկման զգալի անկմամբ, այդուհանդերձ, աճի դանդաղման միտումներն ակնհայտ են նաև պահանջարկից կախված հատվածներում: Մյուս կողմից, սպառողական վարկավորման կրճատումը և չաշխատող վարկերի տեսակարար կշռի շարունակական աճը, հավանաբար, մատնանշում են թույլ պահանջարկի ձևավորման և տնտեսության առանձին հատվածներում կառուցվածքային խնդիրների կուտակման մասին: Աշխատաշուկայի պայմանները մնում են խիստ. գործազրկության մակարդակը պահպանվում է պատմական նվազագույնում, իսկ իրական աշխատավարձի աճը տարեսկզբին զգալիորեն արագացել է: Այս պայմաններում 2026թ. I եռամսյակում, չնայած ընդհանուր և բազային գնաճի տեմպերի դանդաղմանը, ծառայությունների ոլորտի գնաճը և գնաճային սպասումները դեռևս պահպանվում են թիրախից բարձր մակարդակում: Այս իրադարձությունները ՌԴ ԿԲ-ի առջև լուրջ խնդիրներ են դնում կարճաժամկետ հատվածում «գնաճ - տնտեսական աճ» երկընտրանքի արդյունավետ կառավարման տեսանկյունից: Առաջիկայում ՌԴ տնտեսության հեռանկարների վերաբերյալ անորոշության հիմնական աղբյուրներից մեկը նավթի բարձր գների պահպանման տևականությունն է՝ պահանջարկի և, հատկապես, բյուջեի հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից:

Նավթի համաշխարհային գները շարունակում են դրսևորել բարձր տատանողականություն

Նավթի համաշխարհային գները, Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ պահպանվող լարվածության պայմաններում, շարունակում են դրսևորել բարձր տատանողականություն՝ ամրապնդվելով բարձր մակարդակներում: Վերջին շաբաթներին նավթի գինը ձևավորվել է 100-120 դոլարի միջակայքում՝ 2026 թվականի սկզբի 60-65 դոլարի համեմատ, իսկ ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) ընթացիկ կանխատեսումների՝ նավթի միջազգային գները 2026 թվականին կլինեն մոտ 65%-ով ավելի բարձր, քան կանխատեսվում էր մինչև հակամարտության սկիզբը: Այնուամենայնիվ, տևական հակամարտության և/կամ էներգետիկ ենթակառուցվածքների վնասման տարբեր սցենարների դեպքում (հատկապես տարածաշրջանի երկրներում), նավթի գների աճի մասշտաբը և հակամարտության ավարտից հետո դրանց վերականգնման արագությունը կարող են զգալիորեն տարբերվել: Մյուս կողմից, Հորմուզի նեղուցում տեղի ունեցող խափանումներն ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, ինչի պայմաններում գոյություն ունեն նաև պարենային ապրանքների գների աճի ռիսկեր, որոնք արդեն սկսել են մասնակիորեն նյութականանալ: