Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026 11:14
Ալինա Հովհաննիսյան

«Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ը մտադիր է կասեցնել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան

«Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ը մտադիր է կասեցնել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան

Արմինֆո. Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ») չնախատեսված ստուգում է իրականացրել "Պռոշյանի կոնյակի գործարան" ՍՊԸ նկատմամբ, որն իրականացնում է կոնյակի ներկրման գործունեություն:

 

Ինչպես հաղորդվում է «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում, ընտրվել են կազմակերպության կողմից Ռուսաստանի Դաշնության տարածք ներկրված կոնյակի նմուշներ:

 

Հավատարմագրված լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է արտադրանքի անհամապատասխանություն ԳՕՍՏ-ի պահանջներին. հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում "կոնյակ" եզրույթին):

 

Աղբյուրի համաձայն, նշված խախտումները հիմք են ծառայել ծառայության կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև դրա գործողությունը կասեցնելու մասին դիմումը դատարան ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Ներկայումս այդ հարցը քննարկվում է արբիտրաժային դատարանում:

 

"Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ը շուկայի մասնակիցների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ "էթիլային սպիրտի, ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի արտադրության և շրջանառության պետական կարգավորման և ալկոհոլային արտադրանքի սպառման (խմելու) սահմանափակման մասին" դաշնային օրենքի համաձայն, Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ալկոհոլային արտադրանքի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին ալկոհոլային արտադրանքի արտադրության և շրջանառության ոլորտում: Խաղողագործության և գինեգործության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ գինեգործական արտադրանքի շրջանառությունը հիմք է հանդիսանում լիցենզիան դատական կարգով չեղյալ համարելու համար", - ասված է «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ի հայտարարության մեջ:

 

Նշենք, որ Հայաստանում արտադրվող կոնյակի ավելի քան 80 տոկոսն արտահանվում է ՌԴ շուկա։ «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանն արտահանել է 37.9 մլն լիտր կոնյակ՝ տարեկան 21.1% աճով։ Այդ ծավալի 83% - ը բաժին է ընկել ռուսական շուկային։