Հինգշաբթի, 12 Մարտի 2026 14:56
Նաիրա Բադալյան

ԵՄ-ը Հայաստանին 143 մլն եվրո կտրամադրի

ԵՄ-ը Հայաստանին 143 մլն եվրո կտրամադրի

Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 143 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն։ ՀՀ կառավարությունը մարտի 12-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագիրը բաղկացած է բյուջետային աջակցության 90 մլն եվրո և տեխնիկական աջակցության 53 մլն եվրո արժողությամբ բաղադրիչներից: Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝ գնումների թվային համակարգի բարելավում, որակի ենթակառուցվածքների զարգացում, նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում։