
Արմինֆո. Թբիլիսին հույս ունի, որ Եվրամիությունը Վրաստանի Կուլևի նավահանգիստը չի ներառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում, քանի որ նման որոշումը կվնասի Միջին միջանցքին՝ հիմնական երթուղուն, որն ապահովում է Եվրոպայի հասանելիությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հումքին և էներգետիկ ռեսուրսներին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Զուրաբաշվիլին՝ ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հետ հանդիպման ժամանակ:
Զուրաբաշվիլին Կուլևի նավահանգիստը ներկայացրել է որպես Կասպից-Սև ծով-Եվրոպա ռազմավարական միջանցքի օղակ: Նա Գերչինսկուն վստահեցրել է նաև, որ Վրաստանը պահպանում է Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցները և կանխում դրանք շրջանցելու փորձերը:
«ԵՄ պատժամիջոցների ցանկում Կուլևի նավահանգստի հնարավոր ներառման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունը միանգամայն անհասկանալի է, անհիմն և չունի որևէ փաստական հիմք, քանի որ Կուլևի նավահանգստում պատժամիջոցների տակ գտնվող նավի ժամանման կամ պատժամիջոցների շրջանցման ոչ մի դեպք չի գրանցվել», - Զուրաբաշվիլիի խոսքերը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ մինչ օրս ԵՄ ինստիտուտներից որևէ հարց կամ մեկնաբանություն չի ստացվել Կուլևի նավահանգստի գործունեության վերաբերյալ, և Բրյուսելի ու Թբիլիսիի միջեւ սահմանափակող միջոցառումների վերաբերյալ համագործակցության «լավ փորձ» է ձեւավորվել։
«Վրացական կողմը հույս է հայտնել, որ ԵՄ ինստիտուտները և անդամ պետությունները հաշվի կառնեն օբյեկտիվ փաստերը և Վրաստանի կողմից սահմանափակող միջոցառումներին համապատասխանելու և պատժամիջոցների շրջանցումը կանխելու լայնածավալ ջանքերը, և չեն խաթարի ռազմավարական միջանցքը և ԵՄ Միջին միջանցքի նախաձեռնությունը, որի անբաժանելի մասն է կազմում Կուլևի նավահանգիստը»,- նշել են ԱԳՆ-ում, հաղորդում է «Նովոստի Գրուզիի»-ն։
Այն մասին, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակում առաջին անգամ մտադիր է սահմանափակումներ կիրառել երրորդ երկրների նավահանգիստների՝ Վրաստանի Կուլևիի և Ինդոնեզիայի Քարիմունի նկատմամբ, այս շաբաթ հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները։ Պատճառը ռուսական նավթին առնչվող գործողություններն են։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը, ընդգծելով, որ կոնկրետ առաջարկների շուրջ դեռևս համաձայնեցված չեն։
Կուլևիում է գտնվում Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը։ Նախագիծն իրականացվում է պետական սեփականություն հանդիսացող Վրաստանի զարգացման հիմնադրամի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի մասնակցությամբ։
2025 թվականի հոկտեմբերին Reuters գործակալությունը հաղորդել էր Կուլևիի նոր վերամշակման գործարան առաջին նավթի առաքման մասին. բեռը փոխադրել էր ռուսական «Ռուսնեֆտ» ընկերությունը։ Վրաստանի հարկային ծառայությունը հաստատել էր առաքումը, հայտարարելով, որ նավը, դրա սեփականատերերը, բեռնափոխադրողը և ստացողը միջազգային պատժամիջոցների չեն ենթարկվում։
2026 թվականի փետրվարի սկզբին Silvari լցանավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր։ Ուկրաինան այն համարում է Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» մաս և 2025 թվականի դեկտեմբերին պատժամիջոցներ է կիրառել դրա դեմ։ iFact-ի տվյալներով՝ լցանավը մինչև 32 հազար տոննա նավթ և նավթամթերք է փոխադրել Կուլևի։ Ավելի ուշ լցանավը փոխանցվել է հնդկական ընկերության սեփականությանը և կառավարմանը։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը նավի «կասկածելի պատմության» մասին հաղորդագրությունները որակել է ապատեղեկատվություն։