Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026 13:52
Ալինա Հովհաննիսյան

Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը

Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը

Արմինֆո Turkish Airlines ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն,  Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Bloomberg-ը, հղում անելով փոխադրողի մամուլի ծառայությանը, հաղորդել էր, որ Turkish Airlines ավիաընկերությունը հայտարարել է դեպի Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու մտադրության մասին։

 

Աղբյուրը նշել էր, որ նոր երթուղի բացելու մտադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Անկարան մեծացնում է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերը՝ "տասնամյակներ տևած թշնամանքից հետո": "Ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, հայտարարել է, որ մտադիր է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Երեւան՝ պահանջարկի առկայության դեպքում։ Այս քայլը ձեռնարկվել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը վերսկսելու Անկարայի և Երևանի ձգտման ֆոնին՝ Հայաստանի եւ Թուրքիայի  դաշնակից Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի հիման վրա ", - ասվում էր հաղորդագրությունում։