
Արմինֆո. Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինգհը և այլ պաշտոնատար անձինք։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա բարեկամական և հուսալի գործընկերության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և հետագա ընդլայնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընթացիկ նախագծերը՝ ընդգծելով դրանց հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Քննարկվել են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը։ Գեներալ Անիլ Չաուհանը, իր հերթին, ներկայացրել է Հնդկաստանի կառավարության քաղաքականությունը և բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև առկա նորարարական և ստարտափ նախաձեռնությունները՝ վերահաստատելով պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու իրենց հանձնառությունը։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեցին պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունը զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքը շարունակելու վերաբերյալ։