Արմինֆո. 2025 թվականի սեպտեմբերի 15–ից 19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 69-րդ նստաշրջանը։
ՀԱԷԿ հաղորդագրության համաձայն, Գլխավոր համաժողովը միջուկային էներգետիկայի և անվտանգության ոլորտի ամենամյա կարևորագույն իրադարձություններից է, որը համախմբում է անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ մարտահրավերները, նորարարական լուծումները և միջազգային համագործակցության հեռանկարները։
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում էր Ավստրիայի և Սլովակիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև՝ ՀՀ ՄԱԿԿ նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը , «ՀԱՅԱՏՈՄ» ԳՀԻ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը և ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Միքայելյանը։
ՀԱԷԿ-ի ներկայացուցիչները համաժողովում ներկայացրել են Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը, նոր միջուկային բլոկների կառուցման ծրագրերին և անվտանգության բարձրագույն չափանիշների պահպանմանը։ Քննարկվել են նաև ԱԷՄԳ-ի հետ համատեղ իրականացվող և առաջիկա տարիներին նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ փորձագիտական առաքելություններ և սեյսմիկ անվտանգության գնահատման նախաձեռնություններ։
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է մի շարք երկկողմ հանդիպումների, որոնց ընթացքում շեշտվել է միջազգային համագործակցության խորացման, փորձի փոխանակման և տարածաշրջանային միջուկային անվտանգության ամրապնդման կարևորությունը։
Հայաստանի ներկայությունը Գլխավոր համաժողովում ևս մեկ անգամ ընդգծել է երկրի հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ ու անվտանգ կիրառման, էներգետիկ անկախության և կայուն զարգացման ապահովման գործում։ «ՀԱԷԿ-ը, որպես Հայաստանի էներգետիկ համակարգի առանցքային օղակ, շարունակում է հանդես գալ որպես վստահելի գործընկեր և միջազգային համագործակցության կարևոր հարթակ», ասվում է հաղորդագրությունում: