
Արմինֆո. Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է. դա հնարավոր է դարձել երկրում Starlink-ի հայտնվելու շնորհիվ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրաաապետյանը:
«Ուրախ ենք հայտնել, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ինչո՞ւ է սա կարևոր՝
Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից», - գրել է նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դարձել է աշխարհում 130-րդ երկիրը, որտեղ սկսել է աշխատել Starlink-ը: Իլոն Մասկի նախագիծը խոստանում է ապահովել "արագ և կայուն ինտերնետ" ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ երկրի դժվարամատչելի անկյուններում: