Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026 18:05

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ՝ ԱԲ ենթակառուցվածքի պահպանման համար

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ՝ ԱԲ ենթակառուցվածքի պահպանման համար

Արմինֆո.Armenian Code Academy-ի (ACA), Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի (TEF) և Firebird ընկերության նախաձեռնությամբ 2027 թվականի սեպտեմբերին Հրազդանում (Կոտայքի մարզ, Հայաստան) նախատեսվում է բացել Hrazdan Technology College-ը (HTC) ՝ եռամյա տեխնոլոգիական քոլեջ, որը մասնագետներ կպատրաստի արհեստական բանականության և տվյալների կենտրոնների ենթակառուցվածքի ոլորտներում։ Այդ մասին ասվում է TEF -ի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ ՝ հիմնադրամի ղեկավար Նարեկ Ասլիկյանի ստորագրությամբ:

 

Նշվում է, որ քոլեջի ստեղծմանն աջակցում է նաև ՄԱԶԾ-ը (UNDP)՝ «Հրազդան. տեղական ներդրումներ և տնտեսական տրանսֆորմացիա» ծրագրի շրջանակներում: Առաջին ընդունելության շրջանակում նախատեսվում է ընդունել 100 ուսանողի, ընդ որում, ուսուցումը կլինի անվճար:

 

Քոլեջի ստեղծումը պայմանավորված է Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացմամբ և համապատասխան մասնագետների աճող պահանջարկով: 2026 թվականի օգոստոսին Հրազդանում բացված ԱԲ տվյալների կենտրոնը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի տեխնոլոգիական հատվածի համար ՝ միաժամանակ ձևավորելով ենթակառուցվածքի ինժեներների, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնների շահագործման և սպասարկման մասնագետների պատրաստման անհրաժեշտություն։

 

Նախաձեռնության նպատակն է Հայաստանում ձևավորել նոր տեխնոլոգիական ենթակառուցվածքների պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթության համակարգ և միաժամանակ որակյալ տեխնոլոգիական կրթությունն առավել մատչելի դարձնել մարզերի երիտասարդների համար: Ընդունելությանը կարող են մասնակցել 12-րդ դասարանի շրջանավարտները: Ընտրությունը կատարվելու է քննության և հարցազրույցի հիման վրա, ընդ որում Կոտայքի մարզի բնակիչների համար նախատեսված են առանձին քվոտաներ (տեղեր):

 

Hrazdan Technology College-ի կրթական ծրագիրը կիրականացվի երկու հիմնական ուղղություններով․  ենթակառուցվածքի Ճարտարագիտությունը (Infrastructure Engineering)  ներառում է էներգամատակարարման համակարգեր, ցանցային համակարգեր և տվյալների պահպանման համակարգեր, ինչպես նաև տվյալների կենտրոնների շահագործում, և մեքենայական ուսուցում և ԱԲ հաշվողական համակարգեր (Machine Learning & AI Computing), որը ներառում է ամպային տեխնոլոգիաներ, մեքենայական ուսուցում, ֆիզիկական ԱԲ համակարգեր և կիբեռանվտանգություն:

 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Hrazdan Technology College-ի ստեղծումը միավորում է կրթական կազմակերպությունների և տեխնոլոգիական ինդուստրիայի մասնագիտական ներուժը: Ծրագիրն իրականացնում է Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF) ՝ օգտագործելով Armenian Code Academy-ի մասնագիտական ներուժն ու ռեսուրսները: Ծրագրի գլխավոր գործընկերը ՝ Firebird ընկերությունը, կաջակցի ինչպես կրթական բովանդակության մշակմանը, այնպես էլ գործնական ուսուցման կազմակերպմանը ՝ նպաստելով կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության միջև կապի ամրապնդմանը:

 

Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 8 – ին Հրազդանում պաշտոնապես բացվել է Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների մշակման և հաշվողական հզորությունների կենտրոնը՝ "ԱԲ ֆաբրիկան" ։ Ծրագրի իրականացման երեք փուլերի շրջանակներում գործարանի հաշվողական ենթակառուցվածքը կհասնի 100 հազար GPU (Graphics Processing Unit): Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, առաջին փուլի շրջանակներում մատակարարվել է 6144 GPU NVIDIA B200, երկրորդ փուլի շրջանակներում կտեղադրվի 45 հազար GPU Vera Rubin, իսկ երրորդ փուլի շրջանակներում ՝ 60 հազար GPU Vera Rubin: Նման քանակը թույլ կտա Հրազդանի ԱԲ ֆաբրիկային ընդգրկվել ենթակառուցվածքի ծավալով աշխարհի առաջատար 10 երկրների ցանկում, իսկ տարածաշրջանում, անկասկած, առաջատար դիրքեր զբաղեցնել։

 

Եսայանի հավաստմամբ՝ այժմ արագացված տեմպերով աշխատանքներ են տարվում, որպեսզի հաջորդ տարի գործարկվի նախագծի իրականացման երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում ներդրումները կկազմեն շուրջ 7-8 մլրդ դոլար, իսկ երրորդ փուլում կգերազանցեն այդ ծավալը ։ Երկրորդ փուլի մեկնարկից հետո, ինչպես նա նշել է, ձեռնարկության հասույթը տարեկան կգերազանցի 2 մլրդ դոլարը։