
Արմինֆո. Նոյեմբերի 20-26-ը հերթական առաքելության այցով Հայաստանում են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչները։ Հայաստանի Ջրային կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցի նպատակն է ուսումնասիրել ջրային և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքն ու քննարկել առաջիկա աշխատանքները։
Այցի շրջանակում պատվիրակությանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում հյուրընկալել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն ու ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված մասնագետները։
Քննարկման առանցքում եղել են Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների ինտեգրված զարգացման ծրագիրը (WAIDA)՝ ներառյալ այդ ծրագրի ներքո նախատեսված Սյունիքի բաղադրիչն ու Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը (WISE)։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել WAIDA ծրագրի շրջանակներում Սյունիքի բաղադրիչի մեկնարկի կազմակերպմանը, ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելուն և առաջին ֆինանսական հատկացումների նախապատրաստմանը։
Քննարկվել են նաև Վեդու ջրամբարի ավարտական աշխատանքներն ու ծրագրում ներգրավված վերահսկող խորհրդատուի պայմանագրի ժամկետների երկարաձգման հարցերը։ Առաքելության շրջանակում նախատեսվում է նաև այցելություն Սյունիքի մարզ և Վեդու ջրամբար։
Անդրադարձ է կատարվել IADAAM ծրագրի մանրամասներին, մասնավորապես՝ քննարկվել են ծրագրի շրջանակներում Ջրային կոմիտեի առաջնահերթությունների հասցեավորման հարցերը և այդ համատեքստում խորհրդատվական պայմանագրի ժամկետներին վերաբերող հարցերը։
Նալբանդյանն իր խոսքում կարևորել է ԶՖԳ–ի հետ Ջրային կոմիտեի արդյունավետ համագործակցությունը և ծրագրերի իրականացումը՝ շեշտելով կրկնվող գործողություններից խուսափելու և առկա ռեսուրսները նպատակային օգտագործելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատանքների շարունակականության ապահովման և ներգրավված կառույցների միջև համակարգված համագործակցության պատրաստակամությունը և պայմանավորվածություն ձեռք բերել առաքելության այցի շրջանակներում ծրագրերի թիրախային տարածաշրջաններ համատեղ այցելությունների ժամանակացույցի շուրջ։
Առաքելությունը ղեկավարում են ԶՖԳ-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյը, գյուղատնտեսության և ոռոգման ծրագրերի պատասխանատու Տանգի Վենսանն ու Հայաստանի ծրագրերի պատասխանատու Զավեն Մելիքջանյանը։