Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 11:56
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում կստեղծվի ստարտափների և տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ տվյալների միասնական հարթակ․ Dealroom-ի հետ ստորագրվել է հուշագիր

Հայաստանում կստեղծվի ստարտափների և տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ տվյալների միասնական հարթակ․ Dealroom-ի հետ ստորագրվել է հուշագիր

ԱրմԻնֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունն ու Dealroom-ը միջազգային DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ «Հայաստանի նորարարական էկոհամակարգի տվյալների հարթակ» ծրագրի իրականացման վերաբերյալ։

Երկամյա համագործակցության շրջանակում նախարարությունը կօգտագործի ընկերության հարթակները ոլորտային քաղաքականության և ռազմավարությունների մշակման, ինչպես նաև իրականացվող ծրագրերի գնահատման համար։

Նախարարությունը կապահովի նաև ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին, պետական աջակցության ծրագրերին, նորարարություններին և ներդրումներին վերաբերող պետական տվյալների հասանելիությունը՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրված սահմաններում։

Համագործակցությունը նախատեսում է նաև նախարարության մասնակցությունը հարթակի կառավարման մեխանիզմների ձևավորմանը և դրա երկարաժամկետ կայունության ապահովման հնարավոր մոդելների ուսումնասիրմանը՝ ներառյալ ինստիտուցիոնալ սեփականության մոդելների և ազգային թվային ենթակառուցվածքում ինտեգրման հնարավորությունների քննարկումը։

Ինչպես ասվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության մեջ, հարթակը կարևոր նշանակություն ունի  Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման, հայկական ընկերությունների միջազգային ճանաչելիության բարձրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման համար։

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանի ձեռնարկատիրական տաղանդն ու տեխնոլոգիական հնարավորությունները զգալի հեռանկարներ են բացում Եվրոպայի հետ համագործակցության համար։ Նրա խոսքով՝ EU4Innovation East ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը նպաստում է հայկական նորարարությունների ինտեգրմանը եվրոպական և համաշխարհային շուկաներում։

Dealroom-ի էկոհամակարգերի զարգացման ուղղության ղեկավար Իֆա Մորինը ընդգծել է, որ հարթակի գործարկման շնորհիվ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն այժմ հնարավոր է չափել, համադրել և ներկայացնել աշխարհի այլ էկոհամակարգերի համեմատ՝ միասնական մեթոդաբանությամբ։

Աղբյուրի համաձայն՝ հարթակը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ EU4Innovation East ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ և իրականացվում է Expertise France-ի միջոցով՝ Dealroom-ի, Civitta-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) համագործակցությամբ։

Հարթակը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://armenia.dealroom.app/ ։

Նշենք, որ Dealroom-ը նիդերլանդական ընկերություն է, որը հիմնադրվել է 2013 թվականին Ամստերդամում և մասնագիտացած է ամբողջ աշխարհում ստարտափների, արագ աճող տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների, վենչուրային ֆինանսավորման և նորարարական էկոհամակարգերի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության և տրամադրման ոլորտում։ Դրա հարթակն օգտագործվում է վենչուրային ներդրողների, կորպորացիաների, պետական կառույցների, համալսարանների և ձեռնարկատիրության զարգացման կազմակերպությունների կողմից՝ շուկաների վերլուծության, ներդրումային ակտիվության հետևման, տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացման գնահատման և հեռանկարային ընկերությունների որոնման համար։ Dealroom-ը հավաքում և համակարգում է բաց աղբյուրներից, պետական ռեգիստրներից, կորպորատիվ հրապարակումներից և գործընկերային ցանցերից ստացված տվյալները՝ ավտոմատացված վերլուծությունը համադրելով մասնագետների կողմից տեղեկատվության ստուգման հետ։ Ընկերությունը նաև համագործակցում է աշխարհի ավելի քան 100 պետական և էկոհամակարգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով ազգային և տարածաշրջանային նորարարական էկոհամակարգերի վերլուծության և ներկայացման հարթակներ։