Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 11:34
Ալինա Հովհաննիսյան

Դավիթ Խուդաթյանը Թուրքմենստանում ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները

Դավիթ Խուդաթյանը Թուրքմենստանում ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները

ԱրմԻնֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքներ. փոխկապակցվածություն և զարգացում - 2026» համաժողովին, որը տեղի է ունեցել Աշխաբադում (Թուրքմենստան)։

Համաժողովում ելույթ ունենալով՝ նախարարը ընդգծել է, որ այսօր տրանսպորտային փոխկապակցվածությունը դարձել է ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևորագույն գործոնը։

Նրա խոսքով՝ ելնելով այս տեսլականից՝ Հայաստանը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է անվտանգ, արդյունավետ և փոխշահավետ պայմաններով ավտոմոբիլային, երկաթուղային և այլ տրանսպորտային կապերի բացման միջոցով զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները։

«Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Շարունակվում է «Հյուսիս - Հարավ» ավտոճանապարհային միջանցքի իրականացումը, արդիականացվում են սահմանային անցակետերը, կատարելագործվում են մաքսային և սահմանային ընթացակարգերը, ներդրվում են թվային լուծումներ՝ միջազգային փոխադրումների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում մենք կարևոր նշանակություն ենք տալիս նաև TRIPP նախաձեռնությանը, որը նոր հնարավորություններ է բացում տնտեսական կապերի ընդլայնման և միջազգային տարանցիկ հոսքերի զարգացման համար», - հայտարարել է նախարարը։

Խուդաթյանը ընդգծել է, որ ընդհանուր նպատակը երկրների և ժողովուրդների միավորող երթուղիների ստեղծումն է՝ նպաստելով տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և կայուն համագործակցությանը։