Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026 17:06
Ալինե Գրիգորյան

ԲՏԱԱԲ նախարարության պաշտոնյաները Եվրահանձնաժողովի փորձագիտական խմբի հետ քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԲՏԱԱԲ նախարարության պաշտոնյաները Եվրահանձնաժողովի փորձագիտական խմբի հետ քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության «Թվային վերապատրաստման նախաձեռնության» փորձագիտական խմբին՝ թիմի ղեկավար, էլեկտրոնային կառավարման փորձագետ Իվար Տալոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրենի տեղակալ Արման Խաչատուրյանը։

 

ԲՏԱԱԲՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է նախարարության հիմնական առաջնահերթությունները թվային կառավարման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության և ստարտափների էկոհամակարգի զարգացման ուղղություններով։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական համակարգերի և դրանց անվտանգության կարգավորման ոլորտում Հայաստանի առաջնահերթություններն ու ռազմավարական մոտեցումները, կիբեռանվտանգության ազգային կարողությունների զարգացման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործման հարցերը։

 

Անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության օրենսդրական դաշտի զարգացմանը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը, կիբեռանվտանգության կարողությունների ամրապնդմանը և աղետների դեպքում տեղեկատվական համակարգերի վերականգնման մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը։ Քննարկվել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի պաշտպանության, կիբեռսպառնալիքներին դիմակայունության բարձրացման և համապատասխան ռազմավարական ու գործնական լուծումների մշակման հարցերը։

 

Կողմերն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում առաջնահերթությունների սահմանման, ռազմավարական ուղղությունների մշակման, համագործակցության ձևաչափերի և ներգրավման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությանը՝ մասնավորապես դիտարկելով պետական կառույցների, մասնավոր հատվածի և ոլորտի այլ շահագրգիռ կողմերի դերակատարությունը։

 

Քննարկվել են նաև ներդրումների խթանման, ոլորտում նորարարական լուծումների զարգացման, ինչպես նաև Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում միջոցառումների, փորձի փոխանակման և ցանցային համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես կարևորվել է նման նախաձեռնությունների միջոցով ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար ինկուբացիոն հնարավորությունների, միջազգային ծրագրերին մասնակցության և նորարարական էկոհամակարգի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՏՀԳ-ի գործունեությանը, տեղեկատվական համակարգերի կարգավորման և անվտանգության ապահովման ուղղությամբ առկա մոտեցումներին ու ծառայությունների գործնական աշխատանքին։

 

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության միջև թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության խորացման, միջազգային գործընկերությունների ընդլայնման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։

 

Հանդիպման արդյունքում քննարկված առաջնահերթություններն ու կարիքները հիմք կհանդիսանան թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտներում Եվրոպական միության հետագա աջակցության հնարավոր ուղղությունների նախանշման և համագործակցության կոնկրետ նախաձեռնությունների ձևավորման համար։