Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026 19:04
Ալինա Հովհաննիսյան

Ֆրանսիայի աջակցությամբ Հայաստանում կստեղծվի կիբեռկամպուս

Ֆրանսիայի աջակցությամբ Հայաստանում կստեղծվի կիբեռկամպուս

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, Campus Cyber France-ը և Expertise France-ը DigiTec 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանում կիբեռկամպուսի ստեղծում և զարգացում:

 

Ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցությունը հաստատվել է Եվրոպական միության աջակցությամբ ՝ EU4Innovation East ծրագրի շրջանակներում:

 

Նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որը միավորի պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և ակադեմիական շրջանակներին՝ խթանելու համատեղ աշխատանքը և ամրապնդելու նրանց միջև փոխգործակցությունը:

 

Համագործակցության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը կստանձնի նախաձեռնության ղեկավարումը, աշխատանքները համակարգելով պետական կառույցների հետ՝ սահմանված առաջնահերթություններին համապատասխան:

 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի կարծիքով՝ կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այն պահանջում է տարբեր կառույցների փոխգործակցություն և գիտելիքների փոխանակում:

 

«Այս նախաձեռնությունը կարևոր հնարավորություն է ուժերը միավորելու և ճյուղի մասնակիցների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար: Մեզ համար սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի համագործակցությունը հիմնված լինի Հայաստանի կարիքների վրա եւ իրականացվի հայկական կողմի ղեկավարությամբ», - հայտարարել է նա։

 

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ այդ համաձայնագիրը կարևոր առաջին քայլն է համագործակցության հարթակի ձևավորման ճանապարհին, որի շրջանակներում պետական կառույցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները կկարողանան համատեղ լուծումներ մշակել կիբեռանվտանգության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար և հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ:

 

«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացման գործում ՝ փոխանցելով Campus Cyber-ի փորձն ու գիտելիքները: Ընկերությունների, հետազոտողների, կրթական և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետական կառույցների համագործակցությունը թույլ կտա միավորել առկա ներուժը և այն վերածել ոլորտի զարգացման ընդհանուր հնարավորությունների: Եվրոպական միության հետ համագործակցությամբ մենք ակնկալում ենք աջակցել Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան նախաձեռնությունների իրականացմանը, որոնք նոր հնարավորություններ կբացեն մասնագիտական հմտությունների զարգացման, նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ոլորտում մեր երկրների մասնագիտական համայնքների միջև կապերի ամրապնդման համար", - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկուդիեն:

Campus Cyber France-ը Ֆրանսիայի Ազգային կլաստեր է կիբեռանվտանգության ոլորտում, որի գործունեությունը հիմնված է պետական և մասնավոր հատվածների, ստարտափների, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման վրա: Կլաստերը նպաստում է նոր լուծումների ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը: Օգտագործելով իր միջազգային փորձը՝ Campus Cyber France-ը կաջակցի Հայաստանում կիբեռանվտանգության մասնագիտացված կենտրոնների ձևավորմանը:

 

Expertise France-ը, հանդես գալով որպես EU4Innovation East ծրագրի գործընկեր-կատարող, կնպաստի կողմերի միջև համագործակցության զարգացմանը, այդ թվում ՝ հայ, ֆրանսիացի և եվրոպացի գործընկերների միջև կապերի հաստատմանը:

 

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է աշխատանք մի քանի ուղղություններով․ ռազմավարական խորհրդատվություն, կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացում, հետազոտություն և նորարարություն, մասնագիտական կարողությունների զարգացում, կրթական և ուսումնական ծրագրեր, գործնական գործունեություն և փորձի փոխանակում:

 

Նախաձեռնությունը հեռանկարներ է բացում ոչ միայն կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներ պատրաստելու, այլև ամբողջ ոլորտային էկոհամակարգի զարգացման համար:

 

Նշենք, որ EU4Innovation East -ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, Ֆրանսիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող և Expertise France-ի կողմից իրականացվող ծրագիր է: Այն ուղղված է Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և եվրոպական փորձի և գիտելիքների հասանելիության խթանմանը: