
Արմինֆո.Մեղրիում մեկնարկել են "Թրամփի ուղի" նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները։
Աշխատանքների վայրից հղած իր տեսաուղերձում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից հետո TRIPP-ը դառնալու է ամենալայնածավալ նախագիծը: Նրա ասելով՝ խոսքը պատմական իրադարձության մասին է, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Հայաստանի տնտեսական զարգացմանը: Նախնական աշխատանքների ավարտից հետո կսկսվեն արդեն շինարարական աշխատանքները, և հույս կա, որ արդեն մոտ ապագայում ծրագիրն իրականություն կդառնա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման")՝ Հայաստանի Սյունիքի մարզով շուրջ 42 կմ երկարությամբ տրանսպորտային և էներգետիկ միջանցքի նախագծի պաշտոնական մեկնարկի և գործնական իրականացման անցնելու մասին: Նախագծով նախատեսվում է Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի տարածքով միացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և հետագայում ելք ապահովել դեպի Թուրքիա: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղիների և էներգետիկ գծերի կառուցում՝ ներառյալ Հայաստանի էլեկտրացանցերի ինտեգրումը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին: Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը և իրավազորությունը երթուղու ողջ տարածքի նկատմամբ՝ ներառյալ սահմանային և մաքսային վերահսկողությունը: Նախագծի զարգացմամբ զբաղվում է TRIPP Company / TRIPP Development Company հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը։