Շաբաթ, 21 Նոյեմբերի 2026 11:54
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը

Արմինֆո.  Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Կևին Բուֆիի հետ։

 

ԱԳՄԱՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և հանդիպումների, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության ինստիտուցիոնալացման և քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը: 

 

Առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Զրուցակիցները դրական են գնահատել զբոսաշրջության ոլորտում արձանագրվող դինամիկան և քննարկել այդ ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։