Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026 18:19
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ստեղծում են ռոբոտաշինության եւ ֆիզիկական ԱԲ ազգային կենտրոն

Հայաստանում ստեղծում են ռոբոտաշինության եւ ֆիզիկական ԱԲ ազգային կենտրոն

Արմինֆո.ARCS∙ai Հաշվարկային գիտությունների և արհեստական բանականության առաջատար հետազոտությունների նախաձեռնությունը հայտարարում է ARPI կենտրոնի ստեղծման մասին։

 

Նպատակն է՝ Հայաստանում զարգացնել այս ոլորտի կրթությունն ու գիտական հետազոտությունները, պատրաստել բարձրակարգ մասնագետներ և նպաստել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։

 

Կենտրոնը մեկ հարկի տակ է համախմբում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) կրթական և հետազոտական հնարավորությունները։ Նախատեսվում է ակադեմիական յուրաքանչյուր տարվա ընթացքում պատրաստել ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած 50 ինժեներ։

 

ARPI-ի ստեղծման հիմքում համալսարանների միջև համագործակցությունն ամրապնդելու գաղափարն է։ Առանձին բուհերում նմանատիպ լաբորատորիաներ և հետազոտական հնարավորություններ զարգացնելու փոխարեն կենտրոնը հնարավորություն է տալիս համատեղ օգտագործել առկա ենթակառուցվածքները, միավորել մասնագիտական ներուժը և իրականացնել ավելի մեծածավալ կրթական ու գիտահետազոտական ծրագրեր։

Կրթական ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկել է։ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրին արդեն իսկ միացել է 30 ուսանող ՀԱՀ և ԵՊՀ ինժեներական և մաթեմատիկական ֆակուլտետներից։ Երկու համալսարաններում ներկայումս սահմանված է 9-ը մասնագիտացված դասընթաց, որոնց ընթացքում ուսանողները ծանոթանում են ռոբոտների մեխանիկային, կառավարման համակարգերին, վիճակի գնահատման մեթոդներին, թվային երկվորյակներին, ինչպես նաև ֆիզիկական արհեստական բանականության էթիկական կառավարման հարցերին։ 2027 թվականին նախատեսվում է ՀԱՀ-ում մեկնարկել նաև ֆիզիկական արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրը։

 

Կենտրոնի կրթական և գիտահետազոտական աշխատանքներում արդեն ներգրավված է 14 դասախոս, որոնցից ութը հրավիրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններից ու հետազոտական կենտրոններից։ Նրանց թվում են Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի, Դելֆթի տեխնիկական համալսարանի և Ռադերֆորդ Էփլթոնի լաբորատորիայի ներկայացուցիչներ։

 

ARPI կենտրոնի հիմնական հետազոտական հարթակը կլինի ՀԱՀ-ում ստեղծվող ռոբոտաշինության նոր լաբորատորիան, որի համար նախատեսված ներդրումը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար։ Այն կհամալրվի ժամանակակից ռոբոտային բազուկներով, շարժական ռոբոտներով, վիրտուալ իրականության սարքավորումներով և մեխանիկական արհեստանոցով։ Կստեղծվի նաև անօդաչու թռչող սարքերի փորձարկման հատուկ տարածք՝ 22 տեսախցիկից բաղկացած համակարգով, որը հնարավորություն կտա բարձր ճշգրտությամբ հետևել դրանց շարժումներին։

 

Լաբորատորիայում կտեղադրվեն NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորներ, որոնք կօգտագործվեն արհեստական բանականության մոդելների ուսուցման և ռոբոտների աշխատանքի սիմուլյացիաների համար։

 

Բացի այդ, կենտրոնի ուսանողներն ու հետազոտողները հնարավորություն կունենան օգտվելու Firebird AI նախաձեռնության հզոր հաշվարկային ենթակառուցվածքից։

 

Կենտրոնը պաշտոնապես ներկայացվել է Երևանում ընթացող DigiTec ցուցահանդեսի շրջանակում։

 

Նշենք, որ ARCS∙ai-ը (Advanced Research in Computational Sciences & AI) Հայ գիտնականների և մասնագետների միության (Armenian Society of Fellows, ASOF) նախաձեռնությունն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել առաջատար գիտական հետազոտություններն ու կրթությունը՝ միավորելով Հայաստանի համալսարանների, պետական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների և միջազգային գիտական համայնքի ներուժը։

Նախաձեռնության հիմնական ուղղություններն են ֆիզիկական արհեստական բանականությունը, կենսագիտությունները և ավիատիեզերական ճարտարագիտությունը։