
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 16-20-ը դիտվել է դոլարով և ռուբլով գործարքների աճ, ինչին զուգընթաց վերսկսվել են եվրոյով գործարքները՝ ավելի քան մեկ ամիս բացակայությունից հետո։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճը դանդաղել է 2,2 անգամ՝ մինչև 26%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 4,4% անկումից հասել է 98% զգալի աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում դոլարով գործարքների նկատմամբ՝ 1,5 անգամ խզմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ գերակշռում էին դոլարային գործարքները, սակայն՝ ռուբլով գործարքների նկատմամբ աննշան տարբերությամբ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (16-20.11.26 - ը' 09-13․11.26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքը անկումից հասել է աճի, եվրոյով գործարքներում դիտվել է առքի աճի արագացում և վաճառքի աճի ելք, իսկ ռուբլով գործարքներում առքի աճին ուղեկցվել է վաճառքի անկման արագացմամբ։
Արդյունքում, ս.թ. նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ արդեն երկրորդ շաբաթը պահպանվել է 360,3 դրամ/1դոլարի մակարդակում, ընդ որում, շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ' 400,3-ից մինչև 395,8 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ շարունակել է թուլանալ' 4,18-ից մինչև 4,26 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. նոյեմբերի 20-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 440,3 դրամ/1 եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,71 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 6%-ով, 10%-ով և 10% - ով։