Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026 17:16
Ալինա Հովհաննիսյան

Դավիթ Թադևոսյան. բարձր տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման շարժիչ ուժը

Դավիթ Թադևոսյան. բարձր տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման շարժիչ ուժը

Արմինֆո.Բարձր տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման շարժիչ ուժը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական նախարար Դավիթ Թադևոսյանը՝ ելույթ ունենալով Digitec XX միջազգային ֆորում-ցուցահանդեսի բացմանը, որն այս տարի անցկացվում է World's New AI Hub կարգախոսի ներքո:

 

Նա նշել է, որ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության կառուցվածքում կազմում է մոտ 7 տոկոս: «Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում գրանցված տնտեսական աճը՝ սա էական ցուցանիշ է, որով կարելի է և պետք է հպարտանալ: Բայց արդյո՞ք սա մեր երազանքների սահմանն է: Իմ համոզմամբ՝ ոչ", - ասել է նախարարը։

 

Վերջին 10 տարիներին, նրա ասելով, Հայաստանը կարողացել է ձևավորել միջազգային շուկաներում մրցունակ տեխնոլոգիական միջավայր, իսկ մեր մասնագետներն ապացուցել են, որ կարող են ստեղծել պահանջված ապրանքներ և ծառայություններ, որոնք արժանի են հարգանքի:

 

Թադևոսյանը նկատել է, որ ծրագրային ապահովման և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում հաջողությունները պետք է փոխակերպել սեփական գիտահետազոտական և ինժեներական ներուժի: Դրա համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ․ տաղանդներ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ժամանակակից ենթակառուցվածք, և, երրորդը, գիտության և բիզնեսի արդյունավետ համագործակցություն։ Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ պետությունը կարևոր քայլեր է իրականացնում։ Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ շաբաթներ առաջ կառավարությունն ընդունել է օրենք, որը նախատեսում է ֆիզիկական ԱԲ կրթական ծրագրի գործարկում, որը թույլ կտա առաջիկա 7 տարիներին ձևավորել կրթական ալիք՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ:

 

Ենթակառուցվածքների մասով Թադևոսյանն ասել է, որ Հայաստանում արդեն գործում են տվյալների մշակման կենտրոններ, և մոտ ապագայում դրանք կապահովեն երկրի մրցունակությունը միջազգային մակարդակում: «Բայց արդյո՞ք կարող ենք ասել, որ ունենալով տաղանդ և հաշվողական ենթակառուցվածք, ունենք ԱԲ-ի հարուստ էկոհամակարգ: Դեռ՝ ոչ: Քանի որ այդ ամենի առանցքային բաղադրիչը պետության եւ մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունն է, որն այս պահին բացակայում է", - ասել է նախարարը։

 

Նա հայտարարել է, որ ԱԲ համաշխարհային կենտրոն դառնալու մտադրությունը չպետք է սահմանափակվի միայն միջազգային ընկերությունների և ժամանակակից ենթակառուցվածքների առկայությամբ, այլ անհրաժեշտ է ունենալ սեփական գիտելիքների, տեխնոլոգիաների և միջազգային շուկայում մրցունակ արտադրանքի ստեղծման հնարավորություններ: "Կարծում եմ՝ ներուժ ունենք, և մեր խնդիրն է պայմաններ ստեղծել դրա լիարժեք իրացման համար", - եզրափակել է Թադևոսյանը:

 

Նշենք, որ DigiTec -ն անցկացվում է նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում: Այս տարվա առանցքային թեման արհեստական բանականությունն է (ԱԲ): Ֆորումի միջոցառումներին կքննարկվեն այդ բնագավառի զարգացման առանցքային ուղղությունները․ Էներգետիկա եւ էլեկտրամատակարարում, միկրոսխեմաներ եւ հաշվողական ռեսուրսներ, ենթակառուցվածքներ եւ տվյալներ, արհեստական բանականության մոդելներ եւ ուսուցում, ինչպես նաեւ ԱԲ հավելվածներ եւ թվային գործիքներ: DigiTec 2026 - ին մասնակցում են տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ ԱՄՆ-ից և Եվրոպայից: Որպես բանախոսներ հանդես կգան NVIDIA-ի, OpenAI-ի, Microchip-ի, Mozilla-ի, Align Technology-ի և այլ միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի ներուժը, ինժեներական և STEM հնարավորությունները, ինչպես նաև տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությունները: DigiTec  2026-ը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ: Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2026թ. 9 ամիսներին 7,4% տարեկան աճ է գրանցել (նախորդ տարվա 21% անկման դիմաց) ՝ գերազանցելով 960 մլրդ դրամը (2,6 մլրդ դոլար)։ Միայն ՏՏ ոլորտն է ապահովել 533.6 մլրդ դրամի հասույթ՝ տարեկան 15,8% աճով։