
Արմինֆո. 2026 թվականի նոյեմբերի 19-ին Հայկական ատոմային էլեկտրակայանն ընդունել է Չինաստանի միջուկային ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում էին Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) եվրոպական ներկայացուցչության և CZEC Operation and Maintenance Engineering Ltd. (COME) ընկերության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ անդրադառնալով ատոմակայանի շահագործման, տեխնիկական սպասարկման, սարքավորումների արդիականացման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հեռանկարներին։
Կողմերը կարևորել են փոխշահավետ համագործակցության զարգացումը, առաջավոր տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակումը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքային քննարկումները և ամրապնդել երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսից Հայկական ԱԷԿ - ը պլանային նախազգուշական վերանորոգման էր կանգնեցվել հինգ ամիս ժամկետով։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ ծրագրի հիմնական աշխատանքները։ Այդ խնդրի լուծմանն ուղղվել է 165 մլն դոլար, որը տնտեսվել էր երկարաձգման առաջին ծրագրի արդյունքում։
Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2036 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություններ կան: Նա հիշեցրել էր, որ ներկայումս կայանը գտնվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ցիկլում: Հաշվի առնելով ևս 10 տարի՝ մինչև 2046 թվականը բլոկի շահագործման հնարավորություն կլինի։ Այդ ժամանակահատվածում պետք է որոշում կայացվի նոր կայանի վերաբերյալ։ Ընդ որում, ուսումնասիրվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի առաջարկած ատոմային ռեակտորների մոդելները։