
ԱրմԻնֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 19, 6 մլն եվրոյի վարկ և 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ սահմանային անցակետերի արդիականացման նպատակով։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը սահմանային անցակետերում սահմանային վերահսկողության համար ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և տեղադրման ֆինանսավորման, առկա ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև սահմանների և մաքսային կառավարման կարողությունների զարգացման համար նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման հարցում։ Վարկը բաղկացած է 2 տրանշից՝ Տրանշ I (սարքավորումներ)՝ 15, 6 մլն եվրոյի չափով, Տրանշ II (լաբորատորիա)՝ 4 մլն եվրոյի չափով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կլիմայական կայունության ապահովման և էլեկտրաշարժունակության զարգացման միջոցառումների իրականացում, սահմանահատման կետերում ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության համապատասխան լուծումների մշակում, երկաթուղային ենթակառուցվածքների և մոնիթորինգի սարքավորումների համար հնարավոր ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցման միջոցառումների ներդրում, էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման ժամանակ գերտաքացման և ջրով վնասվելու ռիսկերի նվազեցման համապատասխան միջոցառումների իրականացում։