Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026 11:40
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում անշարժ գույքի ոլորտում կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ

Հայաստանում անշարժ գույքի ոլորտում կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ

ԱրմԻնֆո.  Հայաստանում կստեղծվի անշարժ գույքի ոլորտում միասնական տեղեկատվական համակարգ։ ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի որոշմամբ՝ դրա ստեղծմանն ու կիրառմանը կուղղվի 42 մլն դրամ։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ համակարգի ներդրումը կապահովի անշարժ գույքի հայտարարությունների միասնական գրանցում,

դրանց կրկնակի կամ կեղծ տեղադրման ռիսկերի նվազեցում, անշարժ գույքի գործակալների և կառավարիչների նույնականացում, պայմանագրերի և գործարքների հետագծելիություն, ինչպես նաև ոլորտի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ իրականացում։ Միասնական տեղեկատվական համակարգը հնարավորություն կտա ապահովել անշարժ գույքի շուկայի թափանցիկությունն ու տեղեկատվության հավաստիությունը, պաշտպանել սեփականատերերի, գնորդների, վարձակալների և այլ սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, նվազեցնել չգրանցված գործունեության, կեղծ հայտարարությունների և խարդախության ռիսկերը, ձևավորել անշարժ գույքի առաջարկների, գների, գործարքների և շուկայական միտումների ամբողջական տվյալների բազա։ Նաև նոր համակարգը հնարավորություն կտա ապահովել անշարժ գույքով զբաղվող կազմակերպությունների, ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների գործունեության հաշվառումն ու վերահսկողությունը, կհեշտացնի պայմանագրերի գրանցումը, եզակի կոդերի տրամադրումն ու փաստաթղթերի իսկության ստուգումը, կապահովի համակարգի համատեղելիությունը պետական այլ տեղեկատվական համակարգերի հետ, կբարձրացնի պետական մարմինների կողմից իրականացվող վերլուծությունների, կանխատեսումների և ոլորտային քաղաքականության մշակման որակը։

Աղբյուրում նշվում է, որ անշարժ գույքի շուկայի ակտիվությունն ու գործարքների ծավալը վկայում են անշարժ գույքի ոլորտի կարգավորման, թափանցիկության բարձրացման և մասնագիտական ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 59 748 և վարձակալության 11 809 գործարք, որոնք ընդհանուր կազմում են 71 557 գործարք, իսկ 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ առքուվաճառքի 54 108 և վարձակալության 8 476 գործարք, որոնք ընդհանուր կազմում են 62 584 գործարք։ Միևնույն ժամանակ, հավաստի տվյալներ չկան այն մասին, թե նշված գործարքներից քանիսն են իրականացվել անշարժ գույքի ոլորտում ծառայությունների մատուցման շրջանակներում։  Անշարժ գույքի շուկայում գործարքների զգալի ծավալներն ընդգծում են անշարժ գույքի ոլորտում գործունեության միասնական պետական քաղաքականության իրականացման, մասնագիտական որակավորման և պատասխանատվության մեխանիզմների ներդրման, ինչպես նաև գործարքների թափանցիկության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում 2026-2031 թվականներին նախատեսվում է կատարելագործել անշարժ գույքի ոլորտում գործունեության կարգավորման իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, ներդնել մասնագիտական որակավորման համակարգ, ապահովել անշարժ գույքի գործակալների գործունեության վերահսկողությունը, ինչպես նաև ձևավորել և զարգացնել անշարժ գույքի շուկայի միասնական տեղեկատվական համակարգը։ Վերոնշյալ միջոցառումների իրականացումը կնպաստի անշարժ գույքի շուկայի նկատմամբ վստահության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, գործարքների թափանցիկության ապահովմանը և շուկայի կայուն զարգացմանը։