
ԱրմԻնֆո. Հայկական ատոմակայանում (ՀԱԷԿ) նոյեմբերի 2-ից 18-ը անցկացվել է փորձագիտական գնահատում, որը կազմակերպել էր ԱԷԿ-ների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի Մոսկվայի կենտրոնը։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետներ։
Ինչպես հայտնում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը, փորձագետների խումբը ղեկավարել է ԱԷԿ-ների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի Մոսկվայի կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։
Փորձագիտական գնահատման հիմնական նպատակն էր Հայաստանի ԱԷԿ-ի արտադրական գործունեության գնահատումը՝ անվտանգ և հուսալի շահագործման ապահովման տեսանկյունից, կայանի գործունեության ուժեղ կողմերի բացահայտումը, ինչպես նաև հետագա կատարելագործում պահանջող ոլորտների որոշումը։
Գնահատման ընթացքում փորձագետները դիտարկել են արտադրական գործընթացները, ուսումնասիրել փաստաթղթերը և հարցազրույցներ անցկացրել կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Եզրափակիչ խորհրդակցության ժամանակ ներկայացվել են գնահատման արդյունքները, քննարկվել են հայտնաբերված խնդիրներին նպաստող պատճառներն ու գործոնները, ինչպես նաև գործունեության հետագա կատարելագործման հնարավորությունները։
Փորձագիտական գնահատումը մեծ նշանակություն ունի ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի աշխատանքի անվտանգության ու հուսալիության շարունակական բարձրացման համար։
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսին Հայկական ԱԷԿ-ը կանգնեցվել էր հինգ ամիս ժամկետով պլանային-նախազգուշական վերանորոգման նպատակով։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ ծրագրով նախատեսված հիմնական աշխատանքները։ Այս խնդրի լուծմանն ուղղվել է $165 մլն, որը տնտեսվել էր շահագործման ժամկետի երկարաձգման առաջին ծրագրի արդյունքներով։