Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026 12:29
Կարինա Մելիքյան

Հայաստանում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը կրկին սկսել է աճել՝ 2026 թվականի նոյեմբերի դրությամբ կազմելով 76.4%

Հայաստանում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը կրկին սկսել է աճել՝ 2026 թվականի նոյեմբերի դրությամբ կազմելով 76.4%

ԱրմԻնֆո.  Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը կրկին սկսել է աճել, սակայն նախորդ տարվա մակարդակից առաջ է անցել աննշան՝ 76%-ից հասնելով 76,4%-ի։ Դա տեղի է ունենում գործող պայմանագրերի թվի տարեկան աճի արագացման ֆոնին՝ 8,2%-ից մինչև 10,3%, ապահովագրավճարների ծավալի աճի աննշան դանդաղման պայմաններում՝ 17,8%-ից մինչև 17%, ինչպես նաև հատուցումների ծավալի նկատելի արագացած աճի պայմաններում՝ 8,5%-ից մինչև 18%։ Այդ մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները։

Ընդ որում, վնասաբերության գործակցի աճը վերսկսվել է ս.թ. հոկտեմբերից, մինչդեռ դրանից առաջ հինգ ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) արձանագրվել էր նվազում, որին նախորդել էր նախորդ չորս ամիսների ընթացքում (հունվար-ապրիլ) գրանցված աճը։ Հիշեցնենք, որ ամբողջ 2025 թվականի ընթացքում այս ցուցանիշը նվազել էր՝ 81,8%-ից մինչև 76,3%։

Ինչպես նշում են փորձագետները, միաժամանակ ԱՊՊԱ-ի արժեքն աճում է՝ դրանով իսկ ապահովագրական ընկերություններին հնարավորություն տալով փոխհատուցել գնաճային ռիսկերը՝ ընդհանուր գնաճի և, մասնավորապես, պահեստամասերի թանկացման ֆոնին։ Ավելին, նկատվում է միտում, երբ ապահովագրական ընկերությունները պակաս վնասաբեր վարորդներից ավելի բարձր վճար են գանձում՝ այդպիսով հարթեցնելով իրենց ընդհանուր վիճակագրությունը։ Այս առումով սպառողի, հատկապես «վթարներ չունեցող» վարորդների մոտ կասկած է առաջանում բոնուս-մալուս համակարգի արդյունավետության վերաբերյալ, մասնավորապես տպավորություն է ստեղծվում, որ այդ մեխանիզմը կամ ընդհանրապես չի գործում, կամ օգտագործվում է առանց «բոնուսների»։

Բյուրոյի տվյալներով՝ ԱՊՊԱ-ի պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների թիվը տարեկան կտրվածքով աճում է չափավոր, սակայն աճի տեմպերն արագացել են՝ 4,9%-ից մինչև 7,3%։ Քանակական արտահայտությամբ՝ 2026 թվականի նոյեմբերին երկրում հաշվվում էր ԱՊՊԱ-ի պայմանագրերով 753,612 հազ.  միավոր  տրանսպորտային միջոց, սակայն գործող պայմանագրերի թիվը հասել է 1.3 մլն-ի (իսկ դադարեցվածները հանելու դեպքում՝ 1.2 մլն-ի)։ ԱՊՊԱ-ի պայմանագրերի ընդհանուր թվաքանակում E-պոլիսների մասնաբաժինը տարեկան կտրվածքով ավելացել է՝ 35%-ից հասնելով 37%-ի՝ ս.թ. նոյեմբերին կազմելով 474,408 հազ. (աճի տեմպը դանդաղել է՝ 22,4%-ից մինչև 15,3%)։

2026 թվականի 10 ամիսների ընթացքում գործող պայմանագրերով հավաքագրված ապահովագրավճարների ծավալը գերազանցել է 32.9 մլրդ դրամը ($91.5 մլն), իսկ ապահովագրական հատուցումների ծավալը հասել է 22.8 մլրդ դրամի ($63.3 մլն)։ Ընդ որում, ՃՏՊ-ի պարզեցված ձևակերպման դեպքերի (եվրոպրոտոկոլի) համար վճարված հատուցումների ծավալի տարեկան աճը զգալիորեն դանդաղել է՝ 60,6%-ից մինչև 18,4%՝ կազմելով 3.8 մլրդ դրամ ($10.5 մլն), ընդ որում շատ ավելի դանդաղ է սկսել աճել նաև մեկ հատուցման միջին չափը՝ 7,1%-ով (նախորդ տարվա 29,1%-ի դիմաց)՝ կազմելով 132.311 հազ. դրամ ($367՝ նախորդ տարվա $323-ի դիմաց)։ Միաժամանակ ընդհանուր ապահովագրական հատուցումների դեպքում մեկ հատուցման միջին չափի աճը շարունակել է արագանալ՝ 4,5%-ից մինչև 6,3%՝ կազմելով 290.061 հազ. դրամ ($805՝ նախորդ տարվա $713-ի դիմաց)։

Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ-ի պոլիս ունեցող տրանսպորտային միջոցների ամենամեծ թիվն ընդգրկում է «ԻՆԳՈ» ԱԸ-ն՝ 145,100 հազ. միավոր (շուկայում ավելի քան 19%)։ Ի դեպ, հենց այս ԱԸ-ի մոտ է հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել վնասաբերության ամենաբարձր գործակիցը՝ 81% (նախորդ տարվա 80%-ի դիմաց)։ Իսկ վնասաբերության ամենացածր գործակիցն արձանագրվել է «Նաիրի Ինշուրանս» ԱԸ-ի մոտ՝ 68% (նախորդ տարվա 67%-ի դիմաց, որը նույնպես ամենացածր ցուցանիշն էր)։

Գործող ԱՊՊԱ-ի պայմանագրերով ապահովագրական հավաքագրումների ամենամեծ ծավալն ապահովում են «Նաիրի Ինշուրանս»-ը և «ԻՆԳՈ»-ն՝ 6.4-6.1 մլրդ դրամ (շուկայի ընդհանուր ծավալի 19,5-18,4%-ը)։ Այս դասում հատուցումների ծավալով շարունակում են առաջատար մնալ նույն երկու ընկերությունները՝ «ԻՆԳՈ»-ն և «Նաիրի Ինշուրանս»-ը՝

4.1-4 մլրդ դրամ ծավալներով (ընդհանուր ծավալի 18-17,6%-ը)։ ՃՏՊ-ի պարզեցված ձևակերպման դեպքերի (եվրոպրոտոկոլի) համար ամենամեծ վճարումներով առանձնանում են «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը և «ԻՆԳՈ»-ն՝ համապատասխանաբար 803.9 մլն և 723.3 մլն (շուկայի ընդհանուր ծավալի 21,2% և 19,1%)։ E-պոլիսների առաջատար քանակը շարունակում է գրանցվել «ԻՆԳՈ»-ի մոտ՝ 172,568 հազ. (շուկայում այդպիսի պայմանագրերի ընդհանուր թվի 36,4%-ը), իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը և «Հայաստան Ինշուրանս»-ը՝ համապատասխանաբար 83,478 հազ. և 80,444 հազ. (կամ գրեթե 18% և 17%)։ E-պոլիսների նվազագույն քանակը պահպանվում է «Նաիրի Ինշուրանս»-ի մոտ՝ 26,631 հազ.  (շուկայում այդպիսի պայմանագրերի ընդհանուր թվի 5,6%-ը)։ Գործող պայմանագրերի ընդհանուր քանակով առաջատար է «ՌԵԳՈ Ինշուրանս»-ը՝ 281,291 հազ. (կամ շուկայում ընդհանուր թվի գրեթե 22%-ը)։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ ապահովագրական հավաքագրումներով առաջատար «ԻՆԳՈ»-ն և «Նաիրի Ինշուրանս»-ը առանձնանում են նաև դադարեցված պայմանագրերի ամենամեծ թվով՝ համապատասխանաբար 22,192 հազ. և 19,609 հազ. (վճարման ենթակա կամ արդեն վճարված գումարներով՝ համապատասխանաբար 297.1 մլն դրամ և

284.2 մլն դրամ)։ Իսկ դադարեցված պայմանագրերի ամենափոքր թիվը գրանցվել է «Հայաստան Ինշուրանս»-ի և «ԼԻԳԱ Ինշուրանս»-ի մոտ՝ համապատասխանաբար 11,890 հազ. և 15,901 հազ.։

Նշենք, որ 2023 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկայում մեկնարկել է ԱՊՊԱ-ի սակագների ազատականացման անցումը, և արդեն մեկ եռամսյակ անց այս դասի վնասաբերության գործակիցը սկսել է աճել։ Այս միտումը պահպանվել է մինչև 2025 թվականը, որի սկզբին՝ փետրվարից, ԱՊՊԱ-ի սակագների էական աճը թույլ է տվել ապահովագրական ընկերություններին զգալիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը, և վնասաբերության գործակիցը սկսել է նվազել։ Սակայն արդեն 2026 թվականին, մասնավորապես փետրվարից, վնասաբերության գործակցի աճը վերսկսվել է՝ այս միտման շարունակությամբ մինչև մայիս, որից հետո նկատվել է նվազում, որը պահպանվել է հինգ ամիսների ընթացքում, իսկ հոկտեմբերից ուղղությունը կրկին փոխվել է՝ աճի կողմ։

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն «ԱՊՊԱ-ի ընդհանուր պայմաններ» կանոնների փոփոխությունների շրջանակում 2026թ. ապրիլի 1-ից գործարկել է ապահովագրական գումարների և հատուցումների առավելագույն սահմանաչափերի ավելացված չափերը։ Մասնավորապես, ապահովագրական գումարները և հատուցումների առավելագույն սահմանաչափերն ավելացվել են հետևյալ կերպ. Գույքին պատճառված վնասի համար գործող 1.8 մլն դրամի փոխարեն սահմանվել է 2.5 մլն դրամ. Առողջությանը պատճառված վնասի համար գործող 3.3 մլն դրամի փոխարեն սահմանվել է 3.5 մլն դրամ. Միաժամանակ մեկ ապահովագրական դեպքի հետևանքով բոլոր տուժածներին պատճառված վնասի ընդհանուր գումարի ապահովագրական գումարները համամասնորեն ավելացվել և սահմանվել են համապատասխանաբար 25 մլն և 35 մլն դրամի մակարդակում։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն, որոնցից 6-ն ունեն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության դասով (ԱՊՊԱ) լիցենզիա (այս դասով լիցենզավորված չէ միայն «Էֆես»-ը)։ (2026թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 360,14 դրամ/$1՝ 2025թ. հոկտեմբերի 31-ի 382,65 դրամ/$1-ի դիմաց)։